Մինչեւ մեթադոնային փոխարինող բուժումը սկսելը թմրանյութերից կախվածություն ունեցող բոլոր հիվանդները ստորագրում են համաձայնագիր բուժման ողջ ընթացքում որոշակի կանոնների պահպանման վերաբերյալ: Այս մասին ասվում է ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանի մեկնաբանությունում՝ ի պատասխան NEWS.am Medicine–ի «Թմրամոլը կտրել է երակները. Ի՞նչ խնդիրներ է թաքցնում մեթադոնային բուժումը Հայաստանում» հրապարակմանը։
«Նույն համաձայնագրով՝ կանոնները խախտելու դեպքում նախատեսվում է նաեւ հեռացում մեթադոնային փոխարինող բուժման ծրագրից: Համաձայնագրի առաջին կետով հիվանդը պարտավորվում է առանց բժշկի նշանակման չօգտագործել թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր:
«Ռուբենի» մոտ 2014 թվականի նոյեմբերի 15-ին մեզի թունաքիմիական հետազոտության արդյունքում հաստատվել է առանց բժշկի նշանակման թմրամիջոցի օգտագործման փաստը: «Ռուբենը» գրավոր դիմել է ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն»-ի տնօրենին եւ պարտավորվել է մեթադոնային փոխարինող բուժման ընթացքում այլեւս առանց բժշկի նշանակման չօգտագործել թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր: Հաշվի առնելով, որ հիվանդը ունի ՄԻԱՎ նա չհեռացվեց ծրագրից: 2016 թվականի մարտի 22-ին մեզի թունաքիմիական հետազոտության արդյունքում կրկին անգամ հաստատվեց «Ռուբենի» կողմից առանց բժշկի նշանակման թմրամիջոցի օգտագործման փաստ: Այդ իսկ պատճառով «Ռուբենը» հեռացվեց ծրագրից եւ նրան առաջարկվեց պետպատվերի շրջանակում բուժում հիվանդանոցային պայմաններում:
2016 թվականի մարտի 16-ին, շանտաժի ենթարկելով բուժանձնակազմին եւ պահանջելով «մեթադոն» դեղը, կատարել է նախաբազկի մակերեսային երեսին ինքնավնասումներ, ինչի վերաբերյալ տեղեկացվել է ոստիկանության տարածքային բաժին եւ «Ռուբենը» շտապ օգնությամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրան ցուցաբերել են անհրաժեշտ բժշկական օգնություն», – ասվում է Պետրոս Սեմերջյանի գրության մեջ։
Որպես հետգրություն գլխավոր նարկոլոգը մեզ հիշեցրել է, որ առանց բժշկի նշանակման թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումն իրավախախտում է։
NEWS.am Medicine-ը որպես հետգրություն ուզում է հիշեցնել, որ մեր հրապարակման մեջ չէր ժխտվում, որ դա իրավախախտում է, մենք ուղղակի փորձել ենք հասկանալ, թե որքանով է արդարացված մեթադոնային թերապիայի ժամանակ այդքան խիստ մոտեցումը՝ մասնավորապես, նույն այդ համաձայնագրի ստորագրումը, որը խախտելու դեպքում հիվանդին զրկում են հետագա բուժումից՝ քաջ գիտակցելով, որ դա կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ թմրամոլի համար։ Պատկերավոր ասած, դա մոտավորապես նույնն է, ինչ դիաբետով հիվանդին զրկել ինսուլինից միայն այն բանի համար, որ նա մի քանի անգամ չի դիմացել եւ տորթ է կերել։






