Դեպրեսիայի եւ ծերունական անօգնականության վիճակը տարեց ընտանեկան զույգերում կարող է մի ամուսնուց մյուսին փոխանցվել, համարում են ամերիկացի հետազոտողները: Նրանց աշխատությունը հրապարակվել է International Journal of Food Sciences and Nutrition ամսագրում:
Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են 1260 տարեց ընտանեկան զույգերի տվյալները (ամուսինների տարիքը 65 էր եւ բարձր), որոնք հավաքել էին սրտանոթային համակարգի առողջության ուսումնասիրության ծրագրի շրջանակում: Պարզվել է, որ հստակ կապ կա տարեց մարդու ծերունական անօգնականության ու դեպրեսիվ վիճակի միջեւ: Ավելին, հետազոտողները հայտնաբերել են, որ ամուսիններից մեկի մոտ սկսված անօգնականության կամ դեպրեսիայի վիճակը կարող է փոխանցվել նաեւ մյուսին: Հեղինակները նաեւ նշում են, որ հենց տարեց տղամարդիկ են ավելի շատ հակված վատառողջության ֆոնին դեպրեսիայի զարգացման, մինչդեռ կանանց մոտ տարիքի հետ նկատվում է առողջական վիճակի վատացում առանց դեպրեսիայի նշանների:
Ծերունական անօգնականությունը մի վիճակ է, որին 65 տարեկանից հետո հակված է տարեցների շուրջ 10 տոկոսը: Այս վիճակին բնորոշ է թուլությունը, հյուծվածությունը ու հիպոդինամիան (շարժունակության նվազում): Միաժամանակ հետազոտողները համարում են, որ մեծ տարիքում ամուսինների փոխադարձ աջակցությունը նվազեցնում է ծերության բացասական էֆեկտները:






