Գերմանիայի կառավարությունն օրինագիծ է ընդունել, որը նախատեսում է մարիխուանայի աճեցում բուժական նպատակներով, ինչպես նաեւ դրա կիրառությունը բժիշկների նշանակմամբ, սակայն թեթեւ թմրանյութի օրինականացումն առաջվա նման մերժվում է: Այդ մասին ճեպազրույցին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերգը: 

«Խոսքը ծանր հիվանդ մարդկանց մասին է, որոնց համար այլընտրանքային թերապիա գոյություն չունի, որոնք ապագայում կարող են մարիխուանա ստանալ բժիշկների նշանակմամբ, որպես դեղամիջոց, դրա արժեքի փոխհատուցում ստանալով ապահովագրական դրամարկղից», — ասել է Զայբերգը` հավելելով, որ «օրենքը ոչինչ չի փոխում մարիխուանայի օրինականացման վերաբերյալ կառավարության դիրքորոշման մեջ»:

Օրինագիծը կառավարության նիստին է ներկայացվել ԳԴՀ-ի առողջապահության նախարար Հերման Գրյոեի կողմից: Այն նախատեսում է դեղամիջոցների դաշնային ինստիտուտի հիմքի վրա բուժական մարիխուանայի տարածման վերահսկողության պետական գործակալության ստեղծում, որը կհետեւի այդ արտադրանքի աճեցմանը եւ ներմուծմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: