Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ հիվանդանոց է, որը ձգտում է մոտենալ եվրոպական ստանդարտներին, իսկ մի շարք մասնագիտացումների առումով հստակորեն համապատասխանում է դրանց, օրինակ` սրտաբանության, նյարդաբանության, դիագնոստիկայի, ընդհանուր վիրաբուժության եւ ծննդօգնության։ Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը, անդրադառնալով այն հարցին, թե «Էրեբունիում» ինչն են առաջնային համարում, բժշկության ինչ ուղղություններ են դիտում որպես ռազմավարական, ինչին է հատուկ ուշադրություն դարձվում:

Նա նշել է, որ կլինիկան ձգտում է  ծածկել ծառայությունների ամբողջ սպեկտրը, այստեղ զարգացած է եւ ախտորոշումը  (հնարավոր ԳՁՀ սարքերի թվով  «Էրեբունին» գերազանցում է բոլոր կլինիկաներին), եւ թերապիան, եւ վիրաբուժությունը, բայց ռազմավարական ուղղություններ են համարվում սրտաբանությունը, նյարդաբանությունը, ներառյալ սթրոք-կենտրոնը, ինտենսիվ թերապիան եւ վիրաբուժությունը: 

Միքայել Մանուկյանն ասել է, որ վերը թվարկված ռազմավարական ուղղություններից բացի, «Էրեբունի» բուժկենտրոնն իր համար առաջնահերթ է համարում նաեւ ուռուցքաբանության զարգացումը: Կենտրոնում միշտ արվել են ուռուցքաբանական վիրահատություններ, բայց հենց վերջերս այստեղ քիմիաթերապիայի բաժանմունք է բացվել:  «Ավելի վաղ մենք մեր ուռուցքային հիվանդներին քիմիաթերապիայի էինք ուղարկում Ուռուցքաբանության ազգային կենտրոն: Բայց այդպես չէինք կարող վերահսկել մեր արած վիրահատությունների որակը», - նշել է տնօրենը: 

Միքայել Մանուկյանը թվարկել է կլինիկայի վերջին տարիների ձեռքբերումները:

- Սրտաբանական ծառայությունն ընդգրկում է ծառայությունների գործնականում ամբողջ սպեկտրը, ներառյալ սրտային ախտորոշումը, պահպանողական բուժումը, բաց վիրահատությունները, ոչ ինվազիվ վիրահատությունները, առիթմոլոգիան:

«Էրեբունի» ԲԿ-ն այսօր Հայաստանում առաջին տեղն է զբաղեցնում ստենտավորման ծավալներով, ներառյալ պետական Stent for life ծրագրի շրջանակում ստենտավորումը: Այստեղ մասնագետների խումբ է աշխատում, իսկ սարքավորումներն ամենաժամանակակիցն են:  Երկրում միակ երկպլանային անգիոգրաֆը թույլ է տալիս սիրտը տեսնել բոլոր կողմերից, կատարել բարդ էնդովասկուլյար վիրահատություններ սրտի քրոնիկ փակ անոթների, ցանկացած պերիֆերիկ անոթների վրա,  ինչպես նաեւ կատարել նեյրովիրաբուժական միջամտություններ։

- Սրտաբանական կլինիկայի համար վերջերս նաեւ ռոտոբլատոր է ձեռք բերվել` բարձր արագությամբ հորատիչ, որը նախատեսված է աթերոսկլերոտիկ կրակալված վահանիկներով զարկերակների անցանելիության վերականգնման համար:  

Ինչպես պարզաբանել է Միքայել Մանուկյանը, ռոտոբլատորի օգնությամբ հնարավոր է վերականգնել արյան հոսքը նախկինում քրոնիկ փակ անոթների միջով։ «Սա նշանակում է, որ մենք կարող ենք վերականգնել ինֆարկտ տարած սրտամկանի սնուցումը եւ այդ սրտամկանին նոր շունչ տալ։ Սա սրտի բաց վիրահատության (շունտավորման) այլընտրանք է», – ասել է նա։

- Վերջին մի քանի տարվա ընթացքում «Էրեբունի» կլինիկան նկատելի առաջընթաց է արձանագրել էնդովասկուլյար նյարդավիրաբուժության, գլխուղեղի անոթների անեւրիզմայի բուժման մեջ:  Միքայել Մանուկյանի խոսքով, երեք տարի առաջ կլինիկայում սկսել են փակել գլխուղեղի անոթների անեւրիզմաները եւ մալֆորմացիաները: 

«Էնդովասկուլյար բժշկությունն այսօր աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում եւ այն անընդհատ զարգանում է: Մենք մեզ մոտ լրջորեն զարգացնում ենք պերիֆերիկ էնդովասկուլյար բժշկությունը։ Հայաստանում ոչ մի տեղ, մեր կլինիկայից բացի, արգանդի միոմայի կամ լյարդի ուռուցքի էնդովասկուլյար էմբոլիզացիա չի արվում», - պատմել է Մանուկյանը: Նա նշել է, որ արգանդի միոմայի էմբոլիզացիան ընթացակարգերի համաձայն ընտրովի մեթոդ է: Մանիպուլյացիան արվում է առանց անզգայացման, առանց կտրվածքի, ուղղակի փակվում է միոման սնուցող անոթը եւ հիվանդը նույն երեկոյան տուն է գնում: 

Այն դիտարկմանը, թե ռազմավարական ուղղությունները թվարկելիս Միքայել Մանուկյանը ծննդատունը չի նշել, տնօրենն ընդգծել է, որ ծննդատունը  «Էրեբունի» ԲԿ–ի հպարտությունն է: «Այստեղ բերում են պաթոլոգիաներով հղիներ երկրի բոլոր ծայրերից: Մեզ մոտ երբեք հարց չի առաջանում` ընդունել, թե չընդունել ծանր ծննդկանին: Մենք ընդունում ենք եւ փորձում ենք փրկել», - ասել է նա: