Ապրիլի 30-ին հնդկական հիվանդանոցներից մեկն ընդունված 19-ամյա հիվանդի ծնողները ոստիկանությանն են դիմել` հայտնելով, որ բժիշկներն անջատել են երիտասարդի արհեստական շնչառության սարքը, որովհետեւ ընտանիքը չի վճարել ներկայացված հաշիվները: 

Հիմանշու Շարման (Himanshu Sharma) տառապում էր թոքերի հիվանդությունից, բացի այդ, նրա մոտ խոզի գրիպի ախտանիշներ էին հայտնաբերվել: Պատանուն արհեստական շնչառության սարքից անջատելն է հանգեցրել նրա մահվան, կարծում են հարազատները: 

Հիվանդանոցի ներկայացուցիչը, որում երիտասարդը բուժում էր անցնում, պնդում է, որ հիվանդը ծանր վիճակում է եղել եւ մահացել է սրտի կանգից: Բժիշկների խոսքով, հաշիվների վճարումը կապ չուներ: Անալիզները հաստատել են, որ երիտասարդը խոզի գրիպ ուներ: Բժիշկներն առաջարկել են նրան այլ հիվանդանոց տեղափոխել, սակայն հարազատները հրաժարվել են:  Տղամարդու վիճակը կտրուկ վատացել է մայիսի   2-ին եւ նա հենց նույն օրը մահացել է:

Հարազատները պնդում են, որ չնայած նրան, որ իրենք վճարել են իրենց ներկայացված հաշիվները, կլինիկան իրենցից եւս 30 հազար ռուփի է պահանջել, որոնք անհրաժեշտ էին հիվանդին այլ հիվանդանոց տեղափոխելու համար: Պատանու հարազատները ոչ միայն ոստիկանություն են դիմել, այլեւ կլինիկայում ծեծկռտուք են սարքել, ինչի հետեւանքով վնասվել է հիվանդանոցային ունեցվածքը, իսկ որոշ աշխատակիցներ վնասվածքներ են ստացել: