Օրալ հակաբեղմնավորիչները կարող են կանանց պաշտպանել սեռական եղանակով փոխանցվող հիվանդություններից, ենթադրում են գիտնականները: Նրանք ապացուցել են, որ կանացի էստրադիոլ հորմոնը հերպեսից պաշտպանություն է ապահովում: Այդ հորմոնն առկա է օրգանիզմում դաշտանային ցիկլի ընթացքում, այն նաեւ մի քանի օրալ հակաբեղմնավորիչների բաղադրության մեջ է մտնում:
Պարզվել է, որ էստրադիոլն ուժեղացնում է կնոջ օրգանիզմի հակավիրուսային ռեակցիան: Այդ եզրահանգումներն արվել են լաբորատոր մկների նկատմամբ դիտարկումների ընթացքում, որոնց հատուկ վարակել էին երկրորդ տեսակի պարզ հերպեսի վիրուսով (HSV-2): Տվյալ վարակը շատ տարածված է աշխարհում, այն վնասում է ավելի քան 530 մլն մարդու եւ կանանց շրջանում վարակվածների քանակությունը զգալիորեն ավելի մեծ է, ենթադրում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները:
«Եթե մկների վրա կատարված փորձարկումների ընթացքոըմ ստացված արդյունքները հաստատվեն կանանց առումով, մենք լիովին հստակորեն կկարողանանք իմանալ, թե արդյոք որոշակի հորմոնային հակաբեղմնավորիչներ ի վիճակի են կանխարգելել ՍԵՓՀ-ի որոշ տեսակներ եւ մասնավորապես պաշտպանել հերպեսից: Բացի այդ, մեր ստացած տվյալները շատ կարեւոր կլինեն հասկանալու համար, թե իմունիտետի ինչ տեսակ կարող է կանանց պաշտպանել սեռական վարակներից եւ ինչպես կարելի է այդ տեղեկությունն օգտագործել ավելի որակյալ պատվաստանյութերի ստեղծման համար», - հայտնել է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Չարու Կաուշիկը Կանադայում Մակմաստերի համալսարանից:






