Շրթներկից ալերգիան քիչ էր մնում ամերիկյան Ֆլորիդայի նահանգից կնոջ մահվան պատճառ դառնար: 

Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքից Լիլի Կլեոպատրա Մորիսը  Walmart խանութից CoverGirl Queen Collection հավաքածուի շրթներկ է գնել եւ օգտագործել է: Հաջորդ առավոտյան կինն արթնացել է դեմքի հատվածում շատ տհաճ զգացողությամբ: Լիլիի ստորին շրթունքը փքվել էր աներեւակայելի չափերի` այնքան, որ նրա համար դժվար էր շնչելը: 

Շտապօգնությունը կնոջը հիվանդանոց հասցրեց, եւ բժիշկները նրա կյանքը փրկեցին բառացիորեն վերջին պահին, հզոր հակաալերգիկ միջոցներ ներարկելով: Այդ պահին Լիլիի մոտ արդեն շնչառական լուրջ խնդիրներ էին արձանագրվել, ներառյալ մաշկի կապտախտությունը: Այժմ այդ կինն ինտերնետում լուսանկարներ է տարածում, որոնցում երեւում է, թե ինչի է հանգեցրել շրթներկից ալերգիան: Լիլին ուզում է, որ իր օրինակով մարդիկ իմանան այդ դիմահարդարման միջոցի վնասակարության մասին:  

«Խնդրում եմ, շատ զգուշացեք վնասակար նյութերից, որոնք պարունակվում են շրթներկերում: Եթե ես մի քիչ ավելի խորը քնեի, ինչպես ինձ պատմել է բժիշկը, ամենայն հավանականությամբ հաջորդ առավոտ նույնիսկ չէի արթնանա», - գրել է Լիլին:

Չնայած այդ տարօրինակ ալերգիայի ի հայտ գալու պատճառը պարզված չէ, շրթներկի արտադրողը պաշտպան է կանգնել իր արտադրանքին:   CoverGirl-ից հայտնել են, որ դիմահարդարման միջոցի անվտանգությունն իրենց առաջնահերթությունն է եւ բոլոր շրթներկերը, առանց բացառության, ինչպես նաեւ այլ ապրանքները վաճառքի հանվելուց առաջ բազմաթիվ փորձարկումներ են անցնում, որոնք հաստատում են դրանց անվտանգությունը:  Փորձագետները համաձայն են այդ հայտարարությանը, նրանք անալիզի են ենթարկել շրթներկի բաղադրիչները եւ հայտնել են, որ եթե ապրանքը համապատասխանում է գրվածին, չպետք է վնասակար լինի առողջության համար: