Արեւմտյան ԶԼՄ-ներում աներեւակայելի լուր է հայտնվել. 72-ամյա հնդկուհին մայր է դարձել: Դալդջինդեր Կաուրը ամուսնու հետ 46 տարի է ապրել, եւ տարեցները վաղուց կորցրել էին երեխա ունենալու հույսը: Սակայն իմանալով արհեստական բեղմնավորման հնարավորության մասին, որոշել են փորձել իրենց երջանկությունը:
Telegraph-ը գրում է, որ կինն ապրիլին առողջ երեխա է ունեցել: Չնայած երեխան ընդամենը երկու կգ է կշռել, բժիշկները հաստատել են, որ նա ոչ մի շեղում կամ հիվանդություն չունի: Տղային Արմաան են կոչել:
Կնոջ եւ իր 79-ամյա ամուսնու խոսքով, իրենք ժամանակին շատ քմծիծաղներ էին լսել իրենց հասցեին. շրջապատը նրանց անպտղությունը Աստծու պատիժ էր համարում ինչ-որ սխալների համար եւ հնարավորությունը բաց չէր թողնում ամուսիններին հիշեցնելու այդ մասին:
«Աստված լսեց մեր աղոթքները: Այժմ ես զգում եմ, որ իմ կյանքը լիարժեք է», – ասել է Դալդջինդեր Կաուրը: Նա հավելել է, որ ինքն է հոգ տանում երեխային եւ ոչ մեկի օգնության կարիքը չունի: «Ես լի եմ էներգիայով: Ամուսինս եւս շատ հոգատար է, ինձ օգնում է ամենով, ինչով կարող է», – նշել է կինը:
Կլինիկայում, որտեղ իրականացվել է արհեստական բեղմնավորումը, սկզբում կասկածել են, թե Դալդջինդեր Կաուրը կկարողանա երեխա կրել եւ ծննդաբերել: Սակայն թեստերը ցույց են տվել, որ նա կկարողանա:






