Նախկին սիրեկանի հետ ընկերությունը շարունակելու ցանկությունը կարող է հոգեկան խանգարման նշան լինել, հայտնաբերել են Օքլենդի համալսարանի գիտնականները:
Նրանք նման եզրակացության են հանգել 860 մարդու շրջանում կատարած հետազոտությունից հետո, գրում է Daily Mail–ը: Մարդկանց խնդրել են պատասխանել նախկին հարաբերությունների մասին հարցերին ու ասել, թե ինչու են նրանք շարունակել ընկերներ մնալ: Մասնակիցներին նաեւ առաջարկել են անցնել հոգեբանական թեստ՝ ստուգելու համար նրանց մոտ նարցիսիզմի, մաքիավելիզմի ու պսիխոպատիայի առկայությունը:
Դրա արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր ունեին նման գծեր, ավելի հաճախ են իրենց նախկին սիրեկանների հետ ընկերներ մնալու ցանկություն ունեցել: Նման վարքագծի բնույթն ավելի լավ հասկանալու համար գիտնականները այդ մարդկանց խնդրել են գրել հինգ պատճառ, թե ինչու իրենք չեն խզել կապերը նախկին զուգընկերների հետ:
Արդյունքները ցույց են տվել, որ տղամարդիկ նախընտրում են շփվել իրենց նախկին ընկերուհիների հետ հանուն սեքսի, մինչդեռ կանայք նշել են ուժեղ զգացմունքային կապը: Բացի դրանից պարզվել է, որ նման ընկերության հիմքում ավելի շատ անձնական շահն է ու սեփական կարիքների բավարարումը: Սովորաբար տվյալ դեպքում այդ մարդիկ անտեսում են իրենց նախկին զուգընկերների զգացմունքները, վստահ են գիտնականները:






