Հայաստանում դեղային մաֆիաները թքած ունեն մարդկանց վրա. նրանք փող են վաստակում դատարկ դեղերի շնորհիվ, լավագույն դեպքում` անվնաս: Այդ մասին մայիսի 11-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Դեղերի մասին» նոր օրինագծի 2-րդ ընթերցմամբ քննարկմանը:

Թղթի վրա օրենքը շատ լավն է, բայց թե ինչպես կգործի կամ, ավելի ճիշտ, արդյոք դրան թույլ կտան գործել, անհայտ է: Լավ հայտնի է ուրիշ բան.  մարդիկ ամեն հարմար առիթով  ձգտում են արտասահմանից դեղ ներկրել:  

Եթե հարեւաններից մեկն ասի, որ արտասահման է գնում, նրան անմիջապես կխնդրեն մի երեք ճամպրուկ դեղ բերել: Այդ աշխատանքում ներգրավվում են նաեւ արտասահմանյան հայ համայնքների ներկայացուցիչները` ինչ ասես անելով, միայն թե օգնեն Հայաստանի հայրենակիցներին: 

Ընդ որում դեղ են բերում ոչ միայն Արեւմտյան Եվրոպայից, այլեւ հարեւան Վրաստանից, հավելել է Զոհրաբյանը: 

«Այդտեղից, օրինակ, ջանում են կես տարվա համար քիմիաթերապիայի ամբողջական կուրս բերել: Որովհետեւ այստեղինն ուղղակի չի գործում:  Ես գիտեմ նման մի դեպք, երբ մարդուն մաքսատանը կանգնեցրել են որպես մաքսանենգ առեւտուր անողի:  Իսկ դեղ ներմուծել թույլ չեն տվել, որքան էլ նա փորձել է ապացուցել, որ դա հիվանդ ազգականի համար է», - հայտնել է Զոհրաբյանը:

Օրենքները` օրենք, իսկ դեղային մաֆիան ապրում է եւ բարգավաճում, ինչը չես ասի հասարակ մարդկանց մասին, ամփոփել է նա: