Մելանոման քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից է, սակայն ոչ բոլոր հայերը գիտեն, թե ինչպես կարելի է կանխարգելել այս հիվանդությունը եւ ինչ նախանշանների դեպքում է հարկավոր բժշկի դիմել: Մաշկի քաղցկեղի մասին հայերի տեղեկացվածությունը բարձրացնելու համար Global Shapers Yerevan Hub-ը Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի հետ համատեղ Երեւանում «Ո՛չ մելանոմային» խորագրով տեղեկատվական արշավ է անցկացնում:
Global Shapers Yerevan Hub-ի անդամ Արմենուհի Առաքելյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ամբողջ աշխարհում մայիսը համարվում է մելանոմայի դեմ պայքարի ամիս, իսկ մայիսի 11-ը մաշկի քաղցկեղից վախճանված Բոբ Մառլիի մահվան օրն է: Հայաստանում մայիսի 11-ը նշվում է որպես այդ հիվանդության դեմ պայքարի օր:
Նրա խոսքով, Հայաստանում քիչ են խոսում մաշկի քաղցկեղի մասին՝ չնայած այն շատ վտանգավոր է: Ըստ ուռուցքաբան Արմեն Ավագյանի, մելանոման կանխարգելելն ավելի դյուրին է, քան քաղցկեղի շատ այլ տեսակներ, բայց հարկավոր է բավականաչափ տեղեկություն ունենալ արեւից մաշկի պաշտպանության կարեւորության մասին եւ խալերի հետ կապված խնդիրների առաջին իսկ նախանշանների դեպքում դիմել բժշկի:
Հայաստանում մելանոմայի դեմ պայքարի եւ դրա մասին տեղեկատվության տարածման ամիսն անցկացվում է չորրորդ տարին անընդմեջ: Այսօր դրա շրջանակում Հայաստանում Ամերիկյան համալսարանում մելանոմայի մասին բաց դասախոսություն է կազմակերպվել, իսկ «Մուրացան» բժշկական կենտրոնում ամբողջ ամսվա ընթացքում «տարօրինակ» թվացող խալերի անվճար ստուգում կիրականացվի:
Արմենուհի Առաքելյանի խոսքով, որոշվել է նաեւ այս տարվանից մայիսի 11-ին բարեգործական միջոցառումներ անցկացնել, իսկ հավաքված միջոցներն ուղղել քաղցկեղային հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը: Այս տարի հավաքված միջոցները փոխանցվելու են F100 հիմնադրամին:






