«Դեղերի մասին» օրենքի նախագիծը մայիսի 12-ին Հայաստանի Ազգային ժողովում ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Քվեարկության ընթացքում «կողմ» է քվեարկել 83 պատգամավոր, «դեմ»` 1, ձեռնպահ է մնացել 17 մարդ:
Նշենք, որ նախօրեին քննարկման ընթացքում օրենքի քննադատությամբ է հանդես եկել անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը նշել է, որ նոր օրենքում մեծ վտանգ են տեսնում փոքր դեղատների սեփականատերերը եւ մեծածախ առեւտրով զբաղվող մանր առեւտրականները: Նրանց գնահատականով, օրենքն իրենց կզրկի աշխատելու հնարավորությունից եւ կհանգեցնի շուկայի ավելի մեծ մենաշնորհմանը: Նա հայտնել է, որ ինքը օրինագծին դեմ է քվեարկելու:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւս հանդես է եկել քննարկման ընթացքում, բայց նրան ավելի շատ անհանգստացնում էր այն հարցը, թե կկարողանան արդյոք օրենքը, որը կուսակցության գնահատմամբ լավն է, պատշաճ չափով կիրառել գործնականում: Քննարկման արդյունքում «ԲՀԿ»-ն որոշում է կայացրել քվեարկել օրենքի երկրորդ ընթերցմամբ ընդունման օգտին:
Այն մասին, թե օրինագիծն ինչ մտավախություններ է առաջացնում դեղագործության ոլորտի փոքր բիզնեսի ներկայացուցիչների շրջանում, կարդացեք մեր ««Դեղերի մասին» նոր օրենքը Հայաստանում ոլորտի ավելի մեծ մենաշնորհմա՞ն կհանգեցնի» նյութում:






