Նիդերլանդներում հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ տառապող երիտասարդ կնոջը թույլ են տվել էվթանազիա անել:
Կինը, որի անունը չի հրապարակվում, ներարկման միջոցով էվթանազիայի անցկացման պահին 30 տարեկանից երիտասարդ է եղել: Հինգից տասնհինգ տարեկանում նա սեռական բռնության է ենթարկվել, ինչը հանգեցրել է հետտրավմատիկ սթրեսային խանգարման զարգացման, անորեքսիայի ծանր տեսակի, խրոնիկական դեպրեսիայի եւ զգայախաբությունների:
Կինը ինտենսիվ հոգեթերապիա է անցել, սակայն չի կարողացել հաղթահարել այս խանգարման ախտանիշները եւ նրա վիճակն անբուժելի է ճանաչվել: Կնոջը հետեւող բժիշկները դեռեւս երկու տարի առաջ համաձայնել են կյանքից հեռանալու նրա ցանկությանը: Թե ճշգրիտ երբ է իրականացվել էվթանազիան, չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ կնոջը մահացու դեղամիջոց է ներարկվել:
Այդ դեպքի մասին տեղեկությունը բազմաթիվ վեճեր է առաջ բերել հասարակությունում: Այսպես, որոշ փորձագետներ անհանգստացած են, որ էվթանազիան կարող է հոգեբանական ծանր խնդրների լուծման միջոց դառնալ:
Հիշեցնենք, որ Նիդերլանդներն առաջին երկիրն են դարձել, որում օրինականացվել է էվթանազիան: Այդ մասին օրենքն ընդունվել է դեռեւս 2002-ին: Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներում, էվթանազիան արգելված է:






