Պետք չէ կոռուպցիան կապել բժիշկների կաշառակերության հետ: Այդ մասին մայիսի 12-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` պատասխանելով կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ վարչապետի այսօրվա ելույթի մասին հարցին:
Այն հարցին, թե կան նման ռիսկեր նաեւ առողջապահության մեջ, նախարարը պատասխանել է. վարչապետի նշած խախտումներն ակնհայտ են եւ պետք չէ առանձին նշել դրանք: Այնուամենայնիվ, Առողջապահության նախարարությունն արդեն լուծում է այդ հարցերը: Մասնավորապես, «Դեղերի մասին» նոր օրինագիծը նորովի է կարգավորում դրանց շրջանառությունը եւ անվտանգությունը: Քննարկվում է բուժծառայությունների չափագրման հարցը, եւ դա եւս կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը: «Առայժմ ոչ մի երկրի չի հաջողվել դրանք զրոյի հասցնել, բայց մենք պարտավոր ենք նվազեցնել արատավոր երեւույթների ռիսկերը», - ասել է նա:
Ճիշտ է, կոռուպցիոն ռիսկերը բավականաչափ բարձր են, որովհետեւ չչափագրված դաշտում դրանք միշտ բարձր են: Բայց պետք չէ այդ ռիսկերը նույնացնել բժիշկների հետ, առավել եւս` կաշառակերության: «Մենք ուզում ենք շտկել այդ թերությունները եւ որքան հնարավոր է, արագ, բայց այդ աշխատանքը ժամանակ է պահանջում», - հայտնել է Մուրադյանը:






