Երբ Հայաստանը դառնա հզոր երկիր, ֆինանսապես ապահովված լինի, խաղաղություն լինի ու սահմանները անառիկ լինեն, այդ դեպքում մենք կկարողանանք խոսել աշխատավարձերի բարձրացման մասին: Բայց այսօր այդ մասին խոսելու ժամանակը չէ, մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, Միքայելյանի անվան վիրաբուժության կլինիկայի գլխավոր բուժքույր Գեղանուշ Ստեփանյանը:
Գեղանուշ Ստեփանյանը, նաեւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի գլխավոր բուժքույր Ռոզա Պոտոսյանը ու «Սուրբ Աստվածածին» ԲԿ-ի բուժքույր Գայանե Պետրոսյանը եկել էին հաղորդակցվելու լրագրողների հետ ՝ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ, նախապատրաստելով ելույթներ իրենց մասնագիտության բարձր նշանակության մասին: Նրանք պատմեցին, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի օրերին պատրաստ էին մեկնել Լեռնային Ղարաբաղ, իսկ մի մասն էլ բժիշկների հետ միասին մեկնել է ու առայսօր այնտեղ է: Գեղանուշ Ստեփանյանը հավելեց, որ նույնիսկ մայրապետներն են խնդրել իրենց Լեռնային Ղարաբաղ ուղարկել: «Ասում էին, մենք այնտեղ մաքրություն կանենք»,- ասել է նա:
Լրագրողների հարցերը ցածր աշխատավարձի եւ այն մասին, որ բուժքույրերը կողմնակի գումարներ են վերցնում, կանանց հանկարծակիի բերեցին: Գեղանուշ Ստեփանյանը լրագրողներին խնդրեց չմռայլել իրենց տոնը, իսկ մամուլի ասուլիսին մասնակցող լրագրողները ելույթ ունեցողներին բացատրեցին, որ Միջազգային օրը լավ առիթ է խնդիրների մասին խոսելու համար: Մասնավորապես այն մասին՝ արդյոք բուժքույրերը բավարար աշխատավարձ են ստանում, որպեսզի հրաժարվեն «գրպանները բացելու» արատավոր սովորությունից:
«Բուժքույրերի միավորում» ՀԿ-ի ղեկավարը լրագրողներին վստահեցրեց, որ գումար վերցնող բուժքույրերն աշխատանքից հեռացվում են ու որ հիվանդները նույնպես մեղավոր են, թող բուժանձնակազմին հավելյալ գումարներ չտան: «Գնացեք դրամարկղում վճարեք»,- կոչ էր անում նա:
Բուժքույրերը խոստովանեցին, որ ընդհանուր առմամբ երկրում՝ մանավանդ մարզերում աշխատավարձերը ցածր են: Երեւանյան հիվանդանոցներում պալատի բուժքույրը ստանում է միջինը 80-90 հազար դրամ աշխատավարձ, իսկ վերակենդանացման բաժանմունքներում ՝ 120-130 հազար դրամ, երկրում միջին աշխատավարձը 55-60 հազար դրամ է: Գեղանուշ Ստեփանյանը պատմեց, որ մի անգամ, երբ Միավորումը նոր էր ստեղծվել, իրենք փորձել են բարձրացնել մարզերում բուժքույրերի աշխատավարձերի հարցը: Այն ժամանակ Առողջապահության նախարարությունից նրանց պատասխանել են, որ մարզային բուժկենտրոններում կան Խորհուրդներ, որոնք որոշում են աշխատավարձի չափը, ու բուժքույրերի ասոցիացիան չի կարող միջամտել այդ հարցին:
NEWS.am Medicine-ի այն հարցին, որ Բուժքույրերի միավորումը կատարում է նաեւ արհմիության գործառույթները, կազմակերպության ղեկավարը սկսեց բացատրել, որ իրենք ոչ թե արհմիություն են, այլ հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է բուժքույրերի աշխատանքի կազմակերպչական հարցերով, ուղեցույցերի մշակումով, դասընթացների եւ գիտաժողովների կազմակերպումով եւ այլն: Ճշգրտող հարցին, որ փաստորեն կազմակերպությունը չի զբաղվում բուժքույրերի սոցիալական խնդիրներով՝ Գեղանուշ Ստեփանյանը սկսեց հակառակը պնդել: Կազմակերպությունը զբաղվո՛ւմ է բուժքույրերի սոցիալական հարցերով, մասնավորապես անապահով խավի ուսանողների ուսման վարձերի հարցով կազմակերպությունը բազմիցս դիմել է Առողջապահության նախարարություն, քաղաքապետարան, Երեւանի բժշկական համալսարան, ու իրենց «խնդրանքը ոչ մի անգամ չեն մերժել»:
Բուժքույրերի աշխատավարձերի խնդիրն ունի նաեւ հակառակ կողմ՝ շուկայում առաջարկի ավելցուկը: Աղջիկները ավարտում են հատուկ բժշկական կրթական հաստատություններ՝ հիմնականում վճարովի ու համալրում գործազուրկների շարքերը: Այնպես որ աշխատավարձից դժգոհ յուրաքանչյուր բուժքույր կարող է զրկվել իր աշխատանքից ու նրա փոխարեն բազմաթիվ հավակնորդներ կլինեն, որոնք կհամաձայնեն աշխատել 60 հազարով:
Այն հարցին, արդյոք Բուժքույրերի միավորումը փորձել է բարձրացնել ուումնական հաստատություններում տեղերի կրճատման հարցը, որպեսզի գործազուրկների բանակը տարեցտարի չհամալրվի՝ Գեղանուշ Ստեփանյանը նորից շեշտեց, որ այս հարցն իրենց իրավասության դաշտում չէ, իսկ հետո հավելեց՝ «Թող սովորեն, եթե նույնիսկ չաշխատեն, նրանց ձեռք բերած հմտությունները ընտանիքին, հարեւաններին օգտակար կլինեն»:






