Իռլանդիայում վիրաբույժները հաջողությամբ վիրահատել են բջջային հեռախոս կուլ տված մարդուն: Այդ դեպքի մասին հայտնում է International Journal of Surgery Case Reports ամսագիրը:

Տղամարդը ստամոքսում ուժեղ ցավեր է զգացել, որոնք չեն դադարել չորս ժամ շարունակ: Բժիշկները նախ չեն հավատացել 29-ամյա կալանավորին` որոշելով, որ առողջության խնդիրներ է ձեւացնում, որպեսզի մի որոշ ժամանակով դուրս գա բանտից: Բայց, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա անելով, բժիշկները զարմանքով հայտնաբերել են, որ հիվանդն իրոք էլ հեռախոս է կուլ տվել: 

Բժիշկները 18 ժամ սպասել են` հուսալով, որ կուլ գնացած հեռախոսը ցած կգնա կերակրափողով, բայց այն անշարժ է մնացել: Այդ ժամանակ փորձ է ձեռնարկվել աղեստամոքսային էնդոսկոպիա անել (կուլ գնացած օտարածին առարկաները բերանի միջոցով հեռացնելու ամենատարածված միջոցը), բայց` անարդյունք: Բժիշկների թիմը առաձգական խողովակ է օգտագործել` տեսախցիկով եւ տարբեր բժշկական գործիքներով, ինչպիսին ունելին է, սակայն չի հաջողվել  բռնել հեռախոսը եւ հանել կերակրափողով: 

Քանի որ դա աշխարհի ամենափոքր հեռախոսներից մեկն էր` Long-CZ , բժիշկները մինչեւ վերջ հույս ունեին առանց վիրահատության գլուխ հանել: Բայց նրանց չի հաջողվել սարքն այնպես հանել, որ չվնասեն կերակրափողը: Արդյունքում տղամարդու ստամոքսում կտրվածք են արել` լապարատոմիա, (վիճակագրության համաձայն, վիրաբուժական միջամտության այս տեսակն անհրաժեշտ է լինում նման դեպքերի 1 տոկոսից էլ պակասում):

Վիրահատությունից արդեն մեկ շաբաթ անց ազատազրկվածին դուրս են գրել հիվանդանոցից: Կրկնական հետազոտման ընթացքում` 4 ամիս անց նրա մոտ առողջության հետ կապված ոչ մի խնդիր չեն հայտնաբերել: 

«Մենք կարծում ենք, որ այսօր անհրաժեշտություն կա ստեղծելու կամ կատարելագործելու ստամոքսում կուլ գնացած առարկաները հանելու  սարքերը», - գրել են բժիշկներն իրենց զեկույցում:

Իմիջիայլոց, 29-ամյա ազատազրկվածն աշխարհում առաջին մարդը չէ, որը հեռախոս է կուլ տվել:  2013-ին բրազիլական Սան Պաուլու քաղաքի 19-ամյա բնակչուհի Ադրիանա Անդրադեն հայտնվել էր հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում. նա կուլ էր տվել հեռախոսը, որովհետեւ վախեցել էր, թե իր ընկերը կկարդա մեկ  այլ երիտասարդի ուղարկած հաղորդագրությունը: