Ինչպես  եւ ուր պետք է դիմեն կնոջ առողջության մեկամսյակի շրջանակներում հետազոտվել ցանկացող կանայք՝ մարտի 5-ին մամլո ասուլիսի ժամանակ բացատրեց Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 8-ից ապրիլի 7-ը Հայաստանում կնոջ առողջության միամսյակ կանցկացվի, որը կազմակերպում է Երեւանի քաղաքապետարանը եւ առողջապահության նախարարությունը: Միամսյակի շրջանակներում երկրի բոլոր կանայք կկարողանան անվճար հետազոտվել եւ անհրաժեշտ բուժում ստանալ:

Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանայք կարող են անվճար հետազոտվել Երեւանում եւ մարզերում

«Առողջության հետ խնդիր ունեցող կանայք պետք է առաջին հերթին դիմեն պոլիկլինիկա՝ ըստ բնակության վայրի: Այնտեղ նրանք նախնական հետազոտություն կանցնեն, եւ եթե բժիշկը որեւէ խնդիր հայտնաբերի, հիվանդին կուղեգրի ստացիոնար հաստատություն, որտեղ նրան նորից կհետազոտեն եւ անհրաժեշտության դեպքում կվիրահատեն»,- ասաց Բաբինյանը:

Նա նշեց, որ կանայք կկարողանան պոլիկլինիկա դիմել ոչ միայն գինեկոլոգիական խնդիրներով, այլեւ ցանկացած այլ խնդրով: Բացառություն կլինեն միայն թանկարժեք հետազոտությունները եւ վիրահատությունները, որոնց թվում՝ հորմոնալ հետազոտությունները, սրտի վիրահատությունը եւ միջուկային մագնիսական ռեզոնանսը (ՄՄՌ):

Համակարգչային տոմոգրաֆիան եւս թանկարժեք հետազոտություն է, սակայն այս տարի քաղաքապետարանը սարքավորում է գնել համակարգչային տոմոգրաֆիայի համար, այնպես որ, հիմա կնոջ առողջության միամսյակի շրջանակներում տոմոգրաֆիկ հետազոտությունը եւս անվճար կլինի: Ուռուցքաբանական վիրահատությունները եւս կներառվեն ծրագրում եւ անվճար կարվեն:

Բաբինյանը նաեւ նշեց, որ Երեւանի բոլոր հիվանդանոցները, նույնիսկ՝ մասնավորները, կընդգրկվեն ծրագրում, եւ հիվանդները նույնիսկ կկարողանան իրենք ընտրել հիվանդանոցը, եթե, իհարկե, խոսքն այնպիսի մասին չէ, որոնք միայն մեկ հիվանդանոցում են արվում:

Բաբինյանի խոսքով՝ անցած տարի կնոջ առողջության միամսյակի ծրագրին մասնակցել է մոտ 9800 կին: 470 անվճար վիրահատություն է արվել, որոնց թվում՝ աչքի եւ գինեկոլոգիական վիրահատություններ: