Անչափահասները բնակչության ամենաառողջ մասն են համարվում, սակայն իրականում նրանք շատ խոցելի են, չէ որ հենց պատանեկան հասակում են ձեւավորվում այն սովորույթները, որոնցից կախված կլինի ապագայում մարդու առողջությունը: Այսօր հանդես գալով «Հայաստանում դպրոցական տարիքի երեխաների առողջության նկատմամբ պահվածքը» հետազոտության արդյունքներին նվիրված համաժողովի բացմանը, նման կարծիք է արտահայտել Սոցիալական, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: 

Նրա խոսքով, պատահական չէ, որ անչափահասները համարվում են բնակչության ամենաառողջ մասը. իրոք նրանք քիչ են դիմում բժշկի առողջական խնդիրներով: Սակայն իրականում անչափահասները շատ խոցելի են, որովհետեւ նրանց պահվածքից եւ սովորույթներից կախված կլինի նրանց առողջությունն ապագայում: 

Արա Բաբլոյանի խոսքով, հենց պատանեկան հասակում են մարդիկ առաջին անգամ փորձում ծխել, ալկոհոլային ըմպելիքներ խմել: Եթե դա նրանց մոտ սովորություն դառնա, հետեւանքները կարող են ցավալի լինել: Պատանիները նաեւ առանց պատշաճ սեռական դաստիարակության կարող են չպաշտպանված սեքսով զբաղվել, սեռական վարակներ ձեռք բերել, որոնք կարող են իրենց հետքը թողնել նրանց վերարտադրողական առողջության վրա եւ ապագայում լուրջ խնդիրներ առաջացնել: 

Արա Բաբլոյանի խոսքով, «Հայաստանում դպրոցական տարիքի երեխաների առողջության նկատմամբ պահվածքը» հետազոտությունը կարող է օգնել ավելի լավ հասկանալ հայ պատանիների պահվածքի առանձնահատկությունները, հասկանալ, թե նրանք ինչ խնդիրներ ունեն եւ նրանց առողջությանը եւ բարօրությանն աջակցության ավելի արդյունավետ ծրագրեր մշակել: