Ռազմական ծառայությունից առաջ դոնորական սերմնահեղուկի հանձնումը կարող է ոչ վատ միտք լինել, սակայն այդ պրոցեդուրան բոլորի համար պարտադիր չպետք է լինի: Նման կարծիք է հայտնել Հայաստանի Առողջապահության նախարարության Մայրության եւ վերարտադրողական բժշկության բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Նրա խոսքով, մարդու վերարտադրողական առողջության վերաբերյալ գործող օրենքում հոդված կա այն մասին, որ ցանկացած քաղաքացի կարող է բանկին իր սերմնահեղուկը հանձնել եւ դրա պահպանությունը երաշխավորված կլինի պետության կողմից: Սերմնահեղուկ հանձնելը իրավունք է, բոլորովին էլ մարդու պարտականությունը չէ, ընդգծել է մասնագետը:
Եթե մարդու աշխատանքի պայմանները կարող են բացասաբար ազդել նրա բեղունության վրա, ինչպես նաեւ, եթե զինվորական ծառայության ընթացքում բեղունությունը կորցնելու վտանգ կա, բանկին սերմնահեղուկի հանձնումը կարող է լավ որոշում լինել. ծառայությունից վերադառնալով, տղամարդը կկարողանա իր պահպանված սերմնահեղուկն օգտագործելով երեխա բեղմնավորել: Գայանե Ավագյանի կարծիքով վատ չէր լինի նաեւ, եթե պետությունը ստանձներ զինվորական ծառայության ընթացքում բեղունությունը կորցրած զինվորներին հայր դառնալու հարցում օգնելու գործը. եթե մարդը սերմնահեղուկ չունի, կարող է ձվարանների բիոպսիա անել եւ հետագա ԱՄԲ:
Նրա խոսքով, սերմնահեղուկի պարտադիր հանձնումը շատ հարցեր է առաջ բերում: Օրինակ` ինչ են անելու սերմնահեղուկը, եթե այն հանձնած զինվորը զոհվի: Փոխնակ մայրը կարող է երեխա ծնել, այդ սերմնահեղուկն օգտագործելով, սակայն նման դեպքում կստացվի առանց հոր եւ առանց մոր երեխա:
Հիշեցնենք, որ վերջերս Ազգային Ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի համաձայն առաջարկվում էր ստեղծել «18 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձանց սերմնահեղուկի բանկ»:
Նման բանկը, իր կարծիքով, կարող է օգնել ապահովելու մարդու վերարտադրողական իրավունքը եւ նրան հնարավորություն տալ շարունակելու իր ցեղը: Բանկն առաջարկվում է ստեղծել` նկատի առնելով զինվորական ծառայության բազմաթիվ ռիսկերը: Բանկի` դոնորական սերմնահեղուկը պահելու եւ երիտասարդներին բանակ զորակոչելիս իրականացվող պարտադիր բժշկական պրոցեդուրաների ընթացքում այն լրացնելու երաշխավոր պետք է լինի պետությունը:






