Ուժի մեջ մտած «Բժշկական օգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքը ոչ թե ամբողջական քայլ է, այլ կիսաքայլ, որովհետեւ մեր գործունեության վերջնական արդյունքը պիտի լինի ամեն հինգ տարին մեկ մասնագետների արտոնագրումը եւ վերաարտոնագրումը, իսկ բժշկական շարունակական կրթությունը պիտի գործիք լինի գիտելիքներ ստանալու համար, ոչ թե բժիշկների հավաստագրման: Այդ մասին «Բժիշկների հավաստագրումը, ակնկալիքներ եւ մարտահրավերներ» թեմայով քննարկմանը հայտնել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Բժշկական շրջանավարտների խորհրդի անդամ Գեւորգ Յաղջյանը:
Նրա խոսքով, բժշկական շարունակական մասնագիտական զարգացման գործընթացը (ՇՄԶ) երկրների մեծամասնությունում բացի կրեդիտային միավորներ հավաքելուց եւ ձեւակերպելուց ավարտվում է բժիշկների արտոնագրմամբ եւ վերաարտոնագրմամբ:
«Այսինքն, բացի 5 տարում 250 կրեդիտային միավոր հավաքելուց, դուք պիտի բժշկական քննություն հանձնեք, որը ձեզ իրավունք կտա հետագայում աշխատելու: Մեր օրենքում ամրագրված է մի բան. եթե բժիշկը հավաքում է իր 250 կրեդիտային միավորը, նա փաստաթղթեր է ներկայացնում, հավաստագրում է ստանում բժշկական հետագա գործունեության համար:
Մենք պիտի փորձագետների հետ միասին պարզենք, թե ինչու է արտոնագրման քննությունը խնդրահարույց, չնայած այն բանին, որ առաջին քայլը` մասնագետների արտոնագրումը կրեդիտային միավորների հավաքման օգնությամբ, արված է», - ասել է նա: Նա նշել է, որ հավաքված կրեդիտային միավորները պիտի օգտագործվեն ատեստացիայի, աշխատանքի վճարման ընթացքում (դա մոտիվացիոն կարեւոր մեխանիզմներից մեկն է): Կրեդիտների տրամադրման համակարգը պիտի հարմար լինի բուժաշխատողների համար, բժիշկներից ոչ մեկն ալյլեւս ստիպված չի լինի յոթ շաբաթով աշխատանքից կտրվել (հինգ տարվա ընթացքում) վերապատրաստման համար, ինչպես դա նախկինում էր: Պետք է տեղերում հեռակա ուսուցման հնարավորություն լինի էլեկտրոնային բաղադրիչի օգտագործմամբ:
Գեւորգ Յաղջյանը հավելել է, որ նախկինում բժշկական մասնագիտություններ սուսանելու ընթացքում գործում էր «կրթություն ամբողջ կյանքի համար» հայեցակարգը, իսկ այժմ այդ հայեցակարգը փոխվել է. «կրթություն ամբողջ կյանքի ընթացքում»:
Նշենք, որ «Բնակչության բուժօգնության եւ սպասարկման մասին» օրենքը ուժի մեջ է մտել 2016-ի մայիսի 4-ից, բայց կրեդիտային միավորների հավաքման համակարգը Առողջապահության նախարարության կողմից ավելի վաղ էր ներդրվել` 2015-ի հունիսից:
Քննարկումը կազմակերպել էր Հայ օգնության ֆոնդը, քննարկմանը ներկա էին բժիշկներ մարզերից։






