Երեխաները, ում մայրերը հղիության ընթացքում տառապել են գեստացիոն շաքարախտով, 2 ամսականում ավելի շատ ճարպ են ունեցել, քան այն նորածինները, որոնք առողջ մայրերից են ծնվել, ցույց է տվել բրիտանացի գիտնականների նոր հետազոտությունը:
Հետազոտողները պարզել են, որ այն երեխաների օրգանիզմում, ում մայրերը տառապում էին գեստացիոն շաքարախտից, ծնվելու պահին նույն քանակության ճարպ են ունեցել, ինչ մյուս նորածինները, սակայն արդեն 2 ամսականում նրանց մոտ ճարպի քանակը 16 տոկոսով շատ էր մյուսների համեմատ:
«Այս նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մայրերի շաքարախտը կարող է փոփոխություններ առաջացնել երեխայի օրգանիզմում նրա զարգացման շատ վաղ փուլում», - ասել է հետազոտության առաջատար հեղինակ Կարան Լոգանը՝ Լոնդոնի Կայսերական քոլեջից:
Բացի դրանից մենք պարզել ենք, որ այն երեխաները, որոնք ծնվել են գեստացիոն շաքարախտ ունեցող մայրերից, հասուն տարիքում ավելի շատ են հակված շաքարախտի զարգացման: Դրա պատճառը կարող են լինել դեռ մոր արգանդում գտնվող երեխայի մոտ նյութափոխանակության փոփոխությունները, կամ կրծքի կաթի բաղադրության փոփոխությունը, որի պատճառը մոր գեստացիոն շաքարախտն է», - հավելել է նա:
Հետազոտության ընթացքում գիտնականները ՄՌՏ են արել՝ հղիության ընթացքում գեստացիոն շաքարախտ ունեցած մայրերից ծնված 42՝ ու առողջ մայրերից ծնված 44 երեխաների ամբողջ մարմինը: Նրանք չափել են նորածինների օրգանիզմում ճարպի քանակը ծնվելուց անմիջապես հետո եւ 8-12 շաբաթ անց:
«Մեր հետազոտությանը մասնակցած երեխաների մեծ մասը կրծքով էր կերակրվում: Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարախտը կարող է փոփոխություններ առաջացնել կրծքի կաթում, ինչի հետեւանքով այն ավելի շատ շաքար է պարունակում, ճարպ ու քաղցի հորմոն»,- ասել է Լոնդոնի Կայսերական քոլեջի պրոֆեսոր Նեենա Մոդին:
Հետազոտությունը հրապարակվել է Diabetes Care ամսագրում:






