Հայաստանի մանկատներում երեխաների 80 տոկոսը համանդամություն ունի: 3500 երեխա այսօր ապրում է ոչ թե ընտանիքներում, այլ գիշերօթիկ դպրոցներում ու մանկատներում, նրանցից 660-ը՝ վեց պետական մանկատներում: Այդ երեխաներից 550-ը ունի հաշմանդամության ծանր տեսակ, ու մեծամասնությունը մանկատներում է հայտնվել ծնվելուց անմիջապես հետո: Այս մասին լրագրողներին պատմել է Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարարության Ընտանիքի, կանանց ու երեխաների հարցերով վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը:
Շատ երեխաներ այսօր հայտնվում են մանկատներում ու գիշերօթիկներում սոցիալ- տնտեսական պատճառներով՝ նրանց ընտանիքները երեխաներին պահելու հնարավորություն չունեն: Սակայն աղքատությունը ոչ մի դեպքում չպետք է դառնա երեխային նմանատիպ հաստատություն ուղարկելու պատճառ:
Գեղանուշ Գյունաշյանի խոսքով, անհրաժեշտ է երկրի բոլոր մարզերում ստեղծել հատուկ ծառայություններ, որոնք կաջակցեն ընտանիքներին ու կօգնեն նրանց իրենց երեխաների մասին ինքնուրույն հոգ տանել ու մանկատներ կամ գիշերօթիկներ չհանձնել: Բացի դրանից, շատ ծնողներ երեխաներին մանկատներ են հանձնում, նույնիսկ չիմանալով, թե ինչ իրավունքներ ու հնարավորություններ իրենք ունեն ու ուր պետք է դիմեն աշխատանք որոնելու համար: Մյուսներն էլ տարրական գիտելիքներ չունեն երեխաների դաստիարակության ու կենցաղի ճիշտ կազմակերպման մասին:
Որոշ դեպքերում երեխաները իրոք չեն կարող մնալ իրենց կենսաբանական ընտանիքներում ( եթե օրինակ երեխաներին այնտեղ վտանգ է սպառնում), բայց նույնիսկ նման երեխաների համար մանկատները ու գիշերօթիկ դպրոցները լավագույն այլընտրանքը չեն, համարում է մասնագետը: Որդեգրման համակարգի ու խնամատար ընտանիքի ինստիտուտը բարելավումը կարող է շատ ավելի հաջող այլընտրանք դառնալ:
Հայաստանում խնամատար ընտանիքի ինստիտուտը արդեն շուրջ 10 տարի է գործում է ու շատ մանսագետների գնահատականով՝ առաջին փորձը միանգամայն հաջող էր: Կառավարությունը տարեկան կարողանում է վճարել 25 նման ընտանիքների, որոնք ժամանակավոր խնամք են ապահովում ծնողական խնամակալությունից զուրկ երեխաների համար: Գեղանուշ Գյունաշյանը շեշտել է, որ այս տարի դեռ 10 ազատ տեղ կա: Այս ինստիտուտի հետագա զարգացումը կօգնի մշակել խնամատար ընտանիքների մի քանի մոդել, օրինակ ոմանք կկարողանան երեխաներին կարճաժամկետ խնամք ապահովել, մյուսները կկարողանան զբաղվել հաշմանդամություն ունեցող երեխաներով՝ հատուկ նախապատրաստում կանցնեն, որպեսզի կարողանան ճիշտ հոգ տանել նման երեխաների մասին: Խնամատար ընտանիքում երեխայի դաստիարակությունը տարբերվում է որդեգրումից, որի դեպքում նոր ընտանիքը ամբողջովին ստանձնում է կենսաբանական ընտանիքի պարտավորությունները:






