Ամերիկյան Pfizer դեղագործական ընկերությունն արգելել է իր դեղամիջոցներն օգտագործել ԱՄՆ-ում մահապատիժը մահաբեր ներարկման միջոցով իրականացնելիս։ Արեւմտյան մամուլի փոխանցմամբ՝ այդպիսով Pfizer-ը դարձել է ամերիկյան վերջին արտոնագրված դեղագործական ընկերությունը, որն արգելում է իր դեղամիջոցներն օգտագործել մահաբեր ներարկման համար։
«Հիմա նահանգներում, որտեղ մահապատիժ են իրականացնում, ստիպված են օգտվել ապօրինի շուկայից մահաբեր ներարկման համար դեղամիջոցների կարիք ունենալու դեպքում»,- ասել է Reprieve իրավապաշտպան ընկերության ներկայացուցիչ Մայա Ֆոան, փոխանցում է New York Times-ը։
Անցյալ տարվա մարտին Դեղագործների ամերիկյան միությունն իր անդամներին խորհուրդ էր տվել իշխանություններին չտրամադրել նյութեր, որոնք հնարավոր է օգտագործել մահապատիժների համար։ Ընդ որում, դեղորայք արտադրող շատ եվրոպական ընկերություններ նույնպես հրաժարվել են մահապատժի համար դեղորայք մատակարարել ԱՄՆ, քանի որ դեմ են մահապատժին։
Մահապատժի համար դեղորայքի պակասը ԱՄՆ-ում հիմա լուծում են տարբեր միջոցներով։ Յուտայում, օրինակ, անցյալ տարի օրենք էր ընդունվել, որը թույլ էր տալիս գնդակահարել մահապարտներին, եթե դեղամիջոցները չեն բավականացնում։
Հիշեցնենք, որ մահապատիժը թույլատրված է ԱՄՆ 31 նահանգում։ Մահապատժի առավել տարածված միջոցը մահաբեր ներարկումն է։






