Ամեն տարի մայիսի 3-րդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի համաշխարհային օր, որի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց խնդիրների վրա։

ՁԻԱՀ-ի զոհերի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում 1983-ին, իսկ մի քանի տարի անց հայտնվեց այդ հիվանդության դեմ շարժման խորհրդանիշը՝ կարմիր ժապավենը։

ԱՀԿ տվյալների համաձայն՝ մոլորակի վրա ապրում է ՄԻԱՎ վարակակիր ավելի քան 42 մլն մարդ, եւ ամեն օր 14-15 հազար մարդ է վարակվում այդ վիրուսով։ ՄԻԱՎ վարակակիրների մեծ մասը 30 տարեկանը չլրացած անձինք են։

Վերջին 25 տարում ՁԻԱՀ-ից աշխարհում մահացել է մոտ 25 մլն մարդ։

Հայաստանում 28 տարում (1988-ից, երբ գրանցվեց առաջին դեպքը, մինչեւ 2016թ. փետրվարի 29-ը) գրանցվել է ՄԻԱՎ վարակման 2279 դեպք։ Այսօրվա դրությամբ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում հաշվառման է վերցված 1591 մարդ, որոնցից 973-ը հակառետրովիրուսային բուժում են ստանում։ Մինչ օրս մահացել է ՄԻԱՎ վարակիր 510 հիվանդ։ Հաշվարկների համաձայն՝ Հայաստանում այսօր ապրում է ՄԻԱՎ վարակակիր 3800 մարդ, որոնց 60 տոկոսն այդ մասին դեռ չգիտի։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը։