Չինաստանի Պեկին քաղաքում գրանցվել է Զիկա տենդի առաջին դեպքը: Այս մասին հայտնել է Պեկինի առողջապահության ու ընտանիքի պլանավորման հարցերով հանձնաժողովը:
Ըստ հաղորդագրության, Շանդուն նահանգի բնակիչ 29-ամյա չինուհին մայիսի 13-ին Վենեսուելայից Պեկին է ժամանել հիվանդության ախտանշաններով: Լաբորատոր անալիզները հաստատել են նրա արյան մեջ Զիկա վիրուսի առկայությունը: Հիմա նա բուժում է ստանում:
Երկրի հարավում գտնվող Գուանդուն նահանգում կիրակի գրանցվել է հիվանդության արդեն 12-րդ դեպքը: 37-ամյա կինը նույնպես Վենեսուելայից է վերադարձել մաշկային ցանով ու դողէրոցքով, անալիզները հաստատել են Զիկա տենդի առկայությունը:
Առողջապահության ու ընտանիքի պլանավորման հարցերով հանձնաժողովի տվյալներով Չինաստանի բոլոր հիվանդ քաղաքացիները վարակվել են Լատինական Ամերիկայում գտնվելու ժամանակ, դրա համար էլ, տեղի փորձագետների կարծիքով Չինաստանում վիրուսի տարածման հավանականությունը փոքր է:
Հիշեցնենք, որ Զիկա տենդը վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է Զիկա վիրուսից: Հիվանդության բռնկում է արձանագրվել Աֆրիկայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Ասիայում եւ խաղաղօվկիանոսյան երկրներում:
Սովորաբար Զիկա տենդը բարորակ ընթացք է ունենում եւ առանձնապես բարդացումներ չի առաջացնում, սակայն այն շատ վտանգավոր է հղի կանանց համար. Զիկա վիրուսը կարող է նորածինների մոտ միկրոցեֆալիա առաջացնել` ուղեղի վնասում, ինչպես նաեւ այլ բնածին արատներ:
Ենթադրվում է, որ վիրուսը փոխանցվում է արեւադարձային անտառներում բնակվող Aedes aegypti մոծակների միջոցով, որոնք նաեւ դենգե տենդ եւ այլ հիվանդություններ են տարածում: Սակայն գրանցված են նաեւ հիվանդության սեռական եղանակով փոխանցման դեպքեր:






