Մայիսի 15-ին 90 երեւանցի ՄԻԱՎ-ի թեստ է անցել շարժական կլինիկայում, որն անվճար հետազոտություններ է կատարել Հյուսիսային պողոտայում: Սակայն ոչ մի դեպք չի հայտնաբերվել: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է «Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կազմակերպության իրավաբան Կարինե Աղաջանյանը:
Հիշեցնենք, որ երեկ` մայիսի 15-ին նշվում էր ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի համաշխարհային օրը (World Remembrance Day of AIDS Victims): Այդ օրը Երեւանի կենտրոնում ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ազգային կենտրոնի եւ «Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կազմակերպության ջանքերով ՄԻԱՎ-ի ամբողջական եւ լիովին անանուն թեստ է անցկացվել բոլոր ցանկացողների համար:
Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանում այս պահին 2 շարժական կլինիկա կա, որոնք նվեր են ստացվել Ռուսաստանի Դաշնությունից Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ այլ վարակիչ հիվանդությունների հարցերով Չորրորդ եւ Հինգերորդ համաժողովների ընթացքում: ՄԻԱՎ-ի թեստի համար շարժական կլինիկաներում էքսպրես-թեստեր են օգտագործում, որոնց արդյունքները պատրաստ են լինում ընդամենը 15-20 րոպեում:
Անցյալ տարվա նոյեմբերին «ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» միջոցառման շրջանակում, որը կազմակերպել էլ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն, 613 անցորդ Երեւանի փողոցներում ՄԻԱՎ-ի թեստ էր անցել եւ ՄԻԱՎ-ի երկու դեպք էր հայտնաբերվել:
ՁԻԱՀ-ի կանխարգելման Հանրապետական կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանը ավելի վաղ նշել էր, որ շարժական կլինիկաներն իրոք օգնում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման ծառայություններն ավելի մատչելի դարձնել հեռավոր շրջանների բնակիչների եւ հատկապես միգրանտների համար, որոնք բնակչության առավել խոցելի խավն են: Մարդկանց մեծամասնությունն ամաչում է ՄԻԱՎ-ի թեստ անցնել բնակության վայրի ամբուլատորիաներում, Երեւանում էլ հազիվ թե հետազոտման գնան: Սակայն շարժական կլինիկայի ծառայություններից հաճույքով են օգտվում, չէ որ ՄԻԱՎ-ի թեստն այնտեղ առաջարկվում է այլ բուժծառայությունների փաթեթի հետ միասին (արյան ընդհանուր անալիզ, ԳՁՀ, վիրուսային հեպատիտների անալիզ, մասնագետների խորհրդատվություն): Ավելին, շարժական կլինիկայում բոլոր հետազոտություններն անվճար են կատարվում, միաժամանակ պահպանվում է հիվանդների լիակատար անանունությունը, ինչն այդ հետազոտություններն ավելի գրավիչ է դարձնում բնակչության համար:






