ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդ ներդնելու գաղափարին: Նրա կարծիքով, դա կբարելավի իրավիճակը ընտանիքներում եւ կնպաստի առանց բռնության առողջ ընտանիքների ստեղծմանը: 

«Մայրական առողջությունը եւ հայրերի համար դեկրետային արձակուրդը ծայրաստիճան կարեւոր են նաեւ այն պատճառով, որ ծնողներին թույլ են տալիս կյանքի ավելի լավ սկիզբ նվիրել նորածիններին», – Պան Գի Մունը նման հայտարարություն է արել Ընտանիքի միջազգային օրը, որը նշվում է մայիսի 15-ին:

Նա երկրների կառավարություններին նաեւ կոչ է արել այնպիսի օրենքներ ընդունել, որոնք ընտանիքներում բարենպաստ իրավիճակ կստեղծեն եւ կնպաստեն երեխաների նորմալ դաստիարակությանը: 

Հիշեցնենք, որ շատ երկրներում հայրերի համար դեկրետային արձակուրդն արդեն վաղուց է կիրառվում: Օրինակ, Նորվեգիայում տղամարդիկ կարող են  10 շաբաթ անցկացնել տանը` երեխայի հետ, Շվեդիայում` 90 օր, իսկ Իսլանդիայում` ամբողջ 5 ամիս: Որոշ երկրներում գոյություն ունի նույնիսկ այնպիսի հասկացություն, ինչպիսին երեխային հոգ տանելու համատեղ արձակուրդն է, երբ տանը կարող են մնալ միաժամանակ հայրը եւ մայրը: Սինգապուրում, օրինակ, նման արձակուրդ կարելի է վերցնել մեկ շաբաթով: