Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման խնդիրները դրանց ոչ տեղին եւ ոչ պատշաճ օգտագործման հետեւանքով քննարկվեցին մարտի 5-ին Հայաստանի ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցած  աշխատաժողովի ժամանակ։

Բժշկագիտության պատմության մեջ հակաբիոտիկների հայտնաբերումը նոր ժամանակաշրջանի սկիզբ էր եւ  հնարավորություն տվեց  փրկել միլիոնավոր կյանքեր: Սակայն դրանց չարաշահումն այսօր շատերին զրկում է արդյունավետ բուժման հնարավորությունից:

Հակամանրէային դեղերի ոչ տեղին եւ ոչ  պատշաճ օգտագործումը հանգեցրել է դրանց արդյունավետության անկման եւ հակաբիոտիկակայուն վարակների զարգացման, որը կարող է իրական սպառնալիք դառնալ աշխարհի ողջ բնակչության համար:

Աշխատաժողովի ընթացքում ամփոփվեցին հակամանրէային դեղերի առանց բժշկի նշանակման, ոչ տեղին եւ ոչ  պատշաճ օգտագործման կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Ներկայացվեցին Հայաստանի Հանրապետությունում իրականացված հակամանրէային դեղերի կիրառման մշտադիտարկման արդյունքները:

Քննարկվեցին ԱՀԿ եվրոպական գրասենյակի կողմից 2013 թվականին իրականացված հակամանրէային դեղերի դեմ կայունության իրավիճակի գնահատման զեկույցի հիման վրա ձեւավորված առաջարկությունների ներդման ուղղությամբ առաջիկա անելիքները, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության եւ կանխարգելման մշակվող ծրագրի հիմնական ռազմավարական ուղղությունները:

Աշխատաժողովին մասնակցեցին մասնակցեցին նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Դեղերի փորձագիտական կենտրոնի, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի, ինչպես նաեւ  Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ: