160 000 դրամ է հավաքվել հայտնի կատարող Բոբ Մառլիի` մելանոմայից մահվան օրվան նվիրված բարեգործական միջոցառման ընթացքում: Գումարը փոխանցվել է F100 բարեգործական հիմնադրամին եւ այլ միջոցների նման, կծախսվի քաղցկեղային հիվանդություններով երեխաների բուժման վրա: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է հիմնադրամի ղեկավար Տիգրան Բալոյանը:  

Հիշեցնենք, որ մայիսն աշխարհում համարվում է մելանոմայի դեմ պայքարի ամիս եւ Global Shapers Yerevan Hub-ը Հեմատոլոգիայի եւ ուռուցքաբանության ասոցիացիայի հետ համատեղ այս ամիս լրատվական արշավ է անցկացնում` «Ոչ մելանոմային»: Արշավի շրջանակում Հայաստանի ամերիկյան համալսարանում մելանոմայի մասին բաց դասախոսություն է կազմակերպվել, իսկ Մուրացան բժշկական կենտրոնում մեկ ամսվա ընթացքում անվճար կստուգվեն «տարօրինակ» թվացող խալերը:

Դարձյալ արշավի շրջանակում մայիսի 11-ին բարեգործական միջոցառում է կազմակերպվել, որի ընթացքում հավաքված միջոցները փոխանցվել են F100 հիմնադրամին: Միջոցառման կազմակերպիչները նախատեսում են այն ավանդական դարձնել եւ կրկնել ամեն տարի: 

Տիգրան Բալոյանը նշել է, որ F100 հիմնադրամը վերջերս է ստեղծվել, սակայն մարդիկ, թվում է, արդեն վստահում են նրան:

«Մեզ հրավիրեցին այդ միջոցառմանը եւ հայտնեցին, որ հավաքված միջոցները կտրվեն մեր հիմնադրամին: Մեզ համար շատ հաճելի է, որ ժողովուրդն ընդունել եւ գնահատել է հիմնադրամի մեր գաղափարը: Այսօր մենք չենք գնում եւ փող խնդրում նրանցից, մեզ կանչում են եւ ասում, որ մեր հիմնադրամի համար փող են հավաքում», - ասել է Տիգրան Բալոյանը:

Այս պահին հիմնադրամի հաշվին արդեն մոտ 865 000 դրամ է հավաքվել (հիմնադրամին փոխանցվող բոլոր միջոցների եւ դրանց ծախսերի մասին հնարավոր է իմանալ հիմնադրամի կայքից): Հիշեցնենք, որ այդ փողը կուղղվի քաղցկեղային հիվանդություններով երեխաների բուժմանը, որոնք արտասահմանում բուժման կարիք ունեն: