Դյուրաբորբոք մարդիկ առավել հաճախ են բախվում սրտի նոպաների եւ կաթվածների խնդրին: Զայրույթի պոռթկումը հաճախ լինում է նոպայից անմիջապես առաջ: Հարվարդի հանրային առողջության դպրոցի գիտնականները վտանգավոր փոփոխություններ են հայտնաբերել, որոնք դիտվում են զայրույթի պոռթկումից հետո՝ մոտ երկու ժամվա ընթացքում: Այս մասին պետք է հիշեն սրտի հիվանդություն ունեցող, նաեւ նման ռիսկերի ենթակա մարդիկ:

BBC-ի հաղորդմամբ՝ զայրույթի պոռթկումից հետո երկու ժամվա ընթացքում սրտի նոպայի ռիսկը մեծանում է մոտ 5 անգամ, իսկ կաթվածի ռիսկը՝ ավելի քան 3: Ընդ որում՝ ազդեցությունը կուտակային բնույթ ունի: Օրական զայրույթի 5 պոռթկումը վերածվում է տարեկան մոտ 158 սրտի նոպայի՝ բարդությունների ցածր ռիսկայնության խմբի 10000 մարդու դեպքում: Իսկ բարձր ռիսկայնության խմբի մարդկանց դեպքում՝ 657 նոպա:

Ընդհանուր առմամբ, բացարձակ ռիսկն այնքան էլ մեծ չէ, բայց բարդ բնավորություն ունեցող մարդիկ պետք է խուսափեն սրտի եւ արյան շրջանառության հետ կապված խնդիրներից: Հայտնի է՝ քրոնիկ սթրեսը բարձրացնում է արյան ճնշումը: Բացի դրանից՝ սթրեսային իրավիճակներում մարդիկ հաճախ ալկոհոլ եւ ծխախոտ են օգտագործում: Իսկ այս ամենը մեծացնում է առողջական խնդիրների ռիսկը: Փորձագետները բռնկուն մարդկանց խորհուրդ են տալիս յոգայով եւ նման պրակտիկաներով զբաղվել, դրանք օգնում են թուլանալ: