62-ամյա Ա.Ս.-ն չէր կարող պատկերացնել, որ ձայնի խզվածությունը ոչ թե մրսածության կարճատև հետևանք է, այլ կոկորդի քաղցկեղի նախանշան: Երկու ժամ տևողությամբ վիրահատության շնորհիվ այսօր մասամբ վերականգնվել է կնոջ ձայնը, ինչպես նաեւ ազատ է շնչառության բնականոն ճանապարհը:

Կոկորդի չարորակ նորագոյացությունը հիմնականում հանդիպում է ծխախոտի օգտագործումը չարաշահող 90% տղամարդկանց մոտ, սակայն այս դեպքում հիվանդը կին է: Բժիշկներին դիմելուց առաջ Ա.Ս.-ի մոտ կատարվել էր պարանոցի ՄՌՏ, կոկորդի բիոպսիա: Կլինիկական և լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել էր կոկորդի քաղցկեղ: Տարբեր բժշկական հաստատություններում վերջին 5-6 տարվա ընթացքում կնոջ բուժումն ամբուլատոր պայմաններում չի հանգեցրել ապաքինման: 

Վիրահատությունը կատարվել է ‹‹Իզմիրլյան›› բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ Վալերի Ստեփանյանի կողմից, ով խոստովանում է, որ իր մասնագիտական 40-ամյա գործունեության ընթացքում նման ախտորոշմամբ առավելագույնը հինգ հիվանդ է ունեցել: 

«Տարիների ընթացքում բուժման մեթոդը չի փոխվել: Հեռացվել է կնոջ ձայնալարերից մեկը, և լորձաթաղանթի առողջ մնացորդ-հյուսվածքներով մենք փորձել ենք փոխարինել ձայնալարի ֆունկցիան», - մանրամասնեց բժիշկը: 

Նրա խոսքով` հետաքրքրական էր նաեւ այն հանգամանքը, որ ի տարբերություն նման ախտորոշում ունեցող մյուս հիվանդների, այս կինը չի ծխել: Ներկայումս հիվանդը առողջացմամբ դուրս է գրվել բժշկական կենտրոնից, կարողանում է ինքնուրույն շնչել: Գտնվում է մասնագետների դինամիկ հսկողության ներքո: 

Հատկապես կանանց բժիշկը խորհուրդ է տալիս ձայնում խռպոտության նշանների առկայության դեպքում դիմել նեղ մասնագիտական խորհրդատվության` հետագա բարդություններից խուսափելու նպատակով: