Աշխարհում հայտնի ուռուցքաբան-հեմատոլոգ Հագոբ Քանթարջյանը  The University of Texas MD Anderson Cancer Center-ից NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել օգնելու օպտիմալացնել եւ բարելավել Հայաստանում արյան չարորակ հիվանդությունների բուժումը:  

«Ես պատրաստ եմ հայ գործընկերներին օգնել օպտիմալացնել, ստանդարտացնել եւ բարելավել չարորակ հեմատոլոգիական հիվանդությունների բուժումը Հայաստանում», - ասել է նա:

Նրա խոսքով, լեյկեմիայի եւ արյան այլ հիվանդությունների տարբեր ձեւերի հաջող բուժման համար անհրաժեշտ է լավ հիվանդանոցներ ունենալ եւ  մասնագետների գերազանց խմբեր: Այդ հիվանդությունների բուժման մեջ մեծ դեր են խաղում նաեւ բուժքույրերը, այդ պատճառով շատ կարեւոր է ունենալ պատրաստված, լավ բուժքույրեր:    

Հագոբ Քանթարջյանը, իր խոսքով, լավ ծանոթ չէ Հայաստանի առողջապահության համակարգին, սակայն նրա կարծիքով այստեղ շատ լավ մասնագետներ կան, բայց ֆինանսական ռեսուրսների, ենթակառուցվածքների եւ նորագույն դեղամիջոցների մատչելիության առումով բարդություններ կան: Այդ բոլոր խնդիրները լուծելով` հնարավոր է չարորակ հեմատոլոգիական հիվանդությունների բուժումը բարձրացնել նոր մակարդակի, չէ որ այդ հիվանդություններն այսօր լիովին հաջող կերպով բուժվում են: 

Հագոբ Քանթարջյանը նշել է, որ բուժման ճիշտ կազմակերպման եւ նորագույն դեղամիջոցների առկայության պայմաններում լեյկեմիայի շատ ձեւեր լիովին բուժելի են: Մասնավորապես, ամերիկյան կլինիկաների տվյալների համաձայն, եթե անցյալում, պրոֆեսորի խոսքով, մազաբջջային լեյկոզը բուժվում էր դեպքերի սոսկ 50 տոկոսում, այսօր հիվանդների ավելի քան 90 տոկոսը հաջողությամբ բուժվում է: Սուր պրոմիելոցիտար լեյկոզի դեպքում ավելի վաղ բուժվում էր դեպքերի 30-40 տոկոսը, իսկ ասյօր` 80-90 տոկոսը: Սուր միելոիդային լեյկոզի  բուժումն անցյալում արդյունավետ էր դեպքերի սոսկ 10 տոկոսում, իսկ այսօր հիվանդների 40-50 տոկոսն առողջանում է: Խրոնիկական միելոլեյկոզի դեպքում անցյալում առողջանում էր հիվանդների ոչ ավելի, քան 20 տոկոսը, այսօր` 85-90 տոկոսը: