«Դեղերի մասին» նոր օրենքը չի նպաստի դեղերի շուկայի մենաշնորհմանը եւ չի հանգեցնի դրանց թանկացմանը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցերին:  

Նախարարի խոսքով, նոր օրենքը, որը երեկ ընդունվել է  3-րդ եւ վերջնական ընթերցմամբ, ենթադրում է պետական կարգավորում եւ զուգահեռ ներմուծման ամրապնդում, ինչը կնպաստի դեղերի գնի նվազմանը: 

«Ես կարծում եմ, որ դեղերի գները չեն բարձրանա, այլ կընկնեն, չէ որ Հայաստանում առաջին անգամ օրենքով ամրապնդվում է, որ պետությունը կմիջամտի դեղերի շուկային: Այսինքն պետությունը կսկսի կարգավորել դեղերի ոլորտը, որոնք փոխհատուցվում են Առողջապահութան նախարարության կողմից, իսկ 2025-ից` նաեւ այն դեղերի, որոնք փոխհատուցվում են պոլիկլինիկաների եւ հիվանդանոցների կողմից», - նշել է նախարարը:

Նրա կարծիքով, պետության միջամտությունը ոչ միայն որակապես կփոխի իրավիճակը, այլեւ կկրճատի չգրանցված, կեղծ եւ ժամկետանց դեղերի շրջանառությունը: 

Նոր օրենքը չի նպաստի նաեւ շուկայի մենաշնորհմանը, որովհետեւ ենթադրում է մեծածախ եւ մանրածախ առեւտուր իրականացնող դեղատների ցանցերի տարանջատում:

Նրա խոսքով, դեղատների սեփական ցանցն ունեցող ներմուծողը շուկայում անհավասար պայմաններ էր ստեղծում, ինչը կարող էր հանգեցնել ավելի փոքր դեղատների փակմանը, հատկապես` երկրի մարզերում: Ապագայում դա կարող էր հանգեցնել մարզերում դեղերի գների բարձրացման: Իսկ նոր օրենքի համաձայն, դեղերի  մինչ օրս չլիցենզավորվող  մեծածախ առեւտուրը կլիցենզավորվի, ինչը կօգնի թույլ չտալ վերը նկարագրված խնդիրը: 

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հերթին նշել է, որ վստահ է, որ իրականում ամեն ինչ հակառակը կլինի: Օրինակ, Վանաձորում մի փոքրիկ դեղատունը, որը դեղեր է ներմուծել, նոր օրենքի համաձայն այլեւս չի կարողանա անել դա: 

«Դուք օրենքի ուժով խոշոր ներմուծողներին ասում եք.  «Միայն դու կարող ես ներմուծել եւ վաճառել փոքր դեղատներին»: Այդպիսով դուք անհավասար պայմաններ եք ստեղծում եւ ստիպում եք նոր լիցենզիա ստանալ: Նոր լիցենզիաների պահանջը կոռուպցիոն ռիսկեր է ենթադրում: Հայաստանը պիտի գնա լիցենզիաների կրճատման ճանապարհով, իսկ մենք դրա փոխարեն նոր լիցենզիաներ ենք ներմուծում», - ասել է պատգամավորը:

Նա նաեւ հավելել է, որ Հայաստան ներմուծվող դեղերը փաթեթավորելու եւ ներդիրները թարգմանելու պահանջը եւս կնպաստի դեղերի գնի աճին: 

«Ինչ վերաբերում է պետության միջամտությանը, կարծում եմ` պետությունն այսօր էլ կարող էր միջամտել իր հակամենաշնորհային քաղաքականությամբ, սակայն մինչ օրս դա չի արվել: Արդյոք նման միջամտությունից որեւէ օգտակար բան դուրս կգա, ցույց կտա ժամանակը», - ասել է նա` հավելելով, որ իր օգնականներին կխնդրի գրանցել դեղերի այսօրվա գները, որպեսզի դրանք համեմատի այն դեղերի գների հետ, որոնք ապագայում կներմուծվեն: