«Դեղերի մասին» նոր օրենքում, որն ընդունվել է մի քանի օր առաջ 3-րդ եւ վերջնական ընթերցմամբ, մեծ ուշադրություն է հատկացվում դեղերի խնդրին, որոնք պիտի բաց թողնվեն բժշկի դեղատոմսով: Այդ օրենքը կօգնի նվազեցնել ռիսկերը, որոնք կապված են հակաբիոտիկների սխալ օգտագործման հետեւանքով առաջացող խնդիրների հետ: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նախարարը հիշեցրել է, որ հակաբիոտիկների դեմ կայունությունն այսօրվա դրությամբ մնում է լրջագույն խնդիրներից մեկն ամբողջ աշխարհի հանրային առողջապահության ոլորտում: Հիվանդանոցներում հակաբիոտիկների սխալ եւ չարդարացված կիրառությունը ոչ միայն դեղերի ավելորդ ծախս է, այլեւ հիվանդների մոտ հակաբիոտիկների դեմ կայունության առաջացման եւ դրանից բխող խնդիրների ռիսկ է պարունակում: Ավելին, հակաբիոտիկների սխալ օգտագործում հանդիպում է ոչ միայն բժշկության մեջ, այլեւ գյուղատնտեսության, ինչը եւս բարձրացնում է հակաբիոտիկների դեմ կայունության տարածման ռիսկը:
«Հակաբիոտիկներ կարելի է ընդունել միայն բժշկի նշանակմամբ, համապատասխան ցուցումների առկայության դեպքում: Իսկ դրանք պետք է բաց թողնվեն միայն բժշկի դեղատոմսով», - հիշեցրել է նախարարը:
Հիշեցնենք, որ հակաբիոտիկների սխալ օգտագործման հետեւանքով ցավային մանրէները դրանց նկատմամբ անզգա են դառնում, ինչի կապակցությամբ շատ մասնագետներ ահազանգ են հնչեցնում. եթե ոչինչ չձեռնարկվի, հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը կարող է բժշկությունը եւ մարդկությանը վերադարձնել միջնադարի ժամանակաշրջան, երբ այսօրվա չափանիշներով նույնիսկ աննշան վարակները կարող էին հազարավոր մարդկանց սպանել: Իսկ որոշ հաշվարկների համաձայն, 2050-ին հակաբիոտիկների դեմ կայունությունն ավելի շատ մարդ կսպանի, քան բոլոր քաղցկեղային հիվանդությունները միասին վերցրած:
Հիշեցնենք նաեւ, որ «Դեղերի մասին» նոր օրենքը վարչական տույժեր է ենթադրում մի շարք դեղամիջոցների առանց բժշկի դեղատոմսի բաց թողնման համար, որոնց թվում են հակաբիոտիկները:






