Աբլյացիան ժամանակակից բժշկագիտության ամենահետաքրքիր ճյուղերից է, որը հնարավորություն է տալիստրամաբանության եւ գիտելիքների հիման վրա պատկերացնել, թե ինչպիսի մեխանիզմներ են ընկած այս կամ այն առիթմիայի հիմքում, ինչպես է առիթմիան առաջանում եւ տարածվում սրտի մեջ, գտնել պատճառը եւ հնարավորության դեպքում վերացնել այն։ Միջամտական առիթմոլոգիայի այս ուղղությունը այսօր արդեն հասանելի է Հայաստանում եւ վերջին տարիներին հաջողությամբ կիրառվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
«Արդի միջամտական առիթմոլոգիայի ծնունդը կարելի է համարել 20-րդ դարի 70-80-ական թվականները, երբ գիտնականները սկսեցին առավել ինտենսիվ ուսումնասիրել սրտի հաղորդչական համակարգի գործունեությունը, տարրատեսակ առիթմիաների առաջացման մեխանիզմները եւ բուժման հնարավորությունները սրտի կաթետերիզացիայի միջոցով: Դրան, անշուշտ, նպաստեցին գիտատեխնիկական առաջընթացը` մասնավորապես ոլորտի վերաբերյալ տեսական եւ պրակտիկ մեծ ծավալի ինֆորմացիայի կուտակումը եւ նախորդ դարավերջին գրանցված տեխնիկական առաջընթացը: 80-ական թվականների վերջին սկսեցին կատարել վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիաների ռադիոհաճախային աբլյացիաները, որոնք մեծ հաջողության հասան ամբողջ աշխարհում: Այդ միջամտությունները այսօր կատարվում են նաեւ մեր կենտրոնում: Անհրաժեշտ է շեշտել այն փաստը, որ այդ խմբի՝ սրտի ռիթմի խանգարումների ռադիոհաճախային աբլյացիան,ունենում է մինչեւ 90% եւ ավել արդյունավետություն։
Այսինքն՝ պատկերացնենք հետեւյալ մի դեպք. հիպոթետիկ մարդ, ով տառապում է վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիայով (հանկարծակի սկսվող եւ ընդհատվող սրտի արագ աշխատանքի էպիզոդներ) հաճախակի ստիպված է լինում կանչել շտապօգնություն եւ դիմել հիվանդանոցային բուժօգնության, երբեմն նաեւ սահմանափակել ակտիվ կենսակերպը սրտխփոցի հանդեպ վախի զգացողությամբ պայմանավորված, ընդունել դեղորայք անորոշ երկար ժամանակ: Տվյալ դեպքում հիվանդը կարող է դիմել միջամտական առիթմոլոգի, կատարել էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություն եւ ռադիոհաճախային աբլյացիա, ինչի արդյունքում 90% եւավելի դեպքերում ձեռբազատվել առիթմիայից։ Միջամտական առիթմոլոգիան սրտաբանության այն եզակի ճյուղն է, որը հիանալի եւ տեսանելի արդյունք է տալիս», – NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոնի միջամտական առիթմոլոգ Միհրան Մարտիրոսյանը։

Ինչպես պատմել է բժիշկը, վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիաները դրանք առիթմիաների միայն մի փոքր խումբն են, որոնց հետ առնչվում է ժամանակակից միջամտական առիթմոլոգիան: Միջամտական առիթմոլոգիայի զարգացմանը զուգահեռ սկսվեցին քայլեր կատարել փորոքային առիթմիաների՝ փորոքային էքստրասիստոլաներ, փորոքային տախիկարդիաներ, աբլյացիայի ուղղությամբ, որը նախկինում տեխնիկական սահմանափակումների պատճառովհամեմատաբար ավելի քիչ արդյունավետություն ուներ:Վերջին տարիների տեխնիկական վերելքը եւ նոր սերնդի սարքավորումները նպաստել են այդ խնդրի լուծմանը: Խոսքը առիթմիաների քարտեզավորման եռաչափ համակարգի մասին է, որը հնարավորություն է տալիս համակարգչային հատուկ ծրագրերի եւ կաթետերների միջոցով ստանալ սրտի եռաչափ պատկերը եւ մեծ ճշգրտությամբ հայտնաբերել առիթմիայի օջախը՝ լինի դա առանձին սահմանափակ օջախ, թե ավելի բարդ ստրուկտուրա, եւ բարձր արդյունավետությամբ ռադիոհաճախային աբլյացիայի միջոցով այրել եւ վերացնել այն: Այսօր Հայաստանում, ըստ Միհրան Մարտիրոսյանի, այս ճյուղը դեռ կիրառություն չունի նշված համակարգի եւ օգտագործվող կաթետերներիբարձր արժեքով պայմանավորված: «Էրեբունի» բժշկական կենտրոնը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր ժամանակակից այդ սարքավորումները Հայաստանում ունենալու համար, որոնք հնարավորություն կընձեռեն կատարելու ավելի բարդ միջամտություններ:

Բժիշկը նշել է, որ նշված համակարգը կիրառվում է նաեւ շողացող առիթմիայի աբլյացիայի համար, ինչը այսօր ամենատարածված առիթմիան է ամբողջ աշխարհում: Շողացող առիթմիայի դեպքում օբյեկտիվ պատճառներով աբլյացիայի արդյունավետությունը համեմատաբար ավելի ցածր է վերը թվարկած առիթմիաների համեմատ, սակայն հաշվի առնելով շողացող առիթմիայի առկայությամբ պայմանավորված բարդությունների՝ սրտային անբավարարություն, ինսուլտ, բարձր ռիսկը, միջազգային բոլոր ուղեցույցները վերջին մոտ 5 տարիներին խորհուրդ են տալիս դիմել աբլյացիայի շողացող առիթմիայի առանձին դեպքերում, ինչը մոտ ապագայում ավելի մեծ ծավալի կհասնի ամբողջ աշխարհում: Համեմատաբար ավելի ցածր էֆեկտիվության հիմնական պատճառները երկուսն են. «Առաջինը, միջամտությունը կատարվում է ձախ նախասրտում, որը ունի բավականին բարակ պատ եւ շատ վտանգավոր է այներկար ու խորությամբ այրելը։ Մյուս մեծ խնդիրն այն է, որ ձախ նախասրտում միջամտություն կատարելու ժամանակը խիստ սահմանափակ է. երկար միջամտության դեպքում հնարավոր է թրոմբների գոյացում, որոնք կարող են ինսուլտի պատճառ դառնալ: Եվ, իհարկե, պետք չէ մոռանալ, որ միջամտական առիթմոլոգիան դեռ երիտասարդ գիտություն է, եւ դեռ կան բավականին մեծ թվով հարցեր, որոնց պատասխանները մոտ ապագայում առավել էֆեկտիվ կդարձնեն այս միջամտությունը», – ասել է նա, հավելելով, որ այսօր ամբողջ աշխարհում շողացող առիթմիայի աբլյացիան լավագույն դեպքում ունենում է 70-80% էֆեկտիվություն, որը համարվում է բավականին մեծ առաջընթաց բժշկագիտության մեջ: «Էրեբունի» ԲԿ–ում եւս նախատեսում են մոտ ապագայում սկսել այդ միջամտությունների իրականացումը:

Խոսելով իր պրակտիկայում եղած բարդ եւ հետաքրքիր դեպքերի մասին, բժիշկը հիշեց, որ մոտ մեկ տարի առաջ իր հերթապահության ժամանակ մի հիվանդ է ընդունվել, որը նախկինում ունեցել է սրտամկանի ինֆարկտ, արտահայտված սրտային անբավարարություն, բավականին լայնացած ձախ փորոք եւ ցածր մղման ֆրակցիա:Հիվանդն ուշագնաց էր եղել ու շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։ Կենտրոնի մասնագետները՝ այդ թվում նյարդաբանը, հետազոտել էին նրան եւ ուշագնացության բոլոր պատճառները բացառելուց հետո կոնսուլտացիայի համար կանչել առիթմոլոգի։ Նախկինում հիվանդի մոտ արդենմի քանի անգամ ուշագնացություն էր եղել, բայց կարճատեւ՝մի քանի վայրկյան տեւողությամբ։ Դիմել էին տարբեր մասնագետների, ուշագնացության ոչ մի պատճառչէին գտել, ուղղակի խորհուրդ էին տվել շարունակել դեղորայքային բուժումը, որը ստանում էր սրտային անբավարարության եւ սրտի իշեմիկ հիվանդության անհրաժեշտ բոլոր ծավալով։
Խնդիրը հետեւյալն է. սրտային անբավարություն եւ ձախ փորոքի մղման ցածր ֆրակցիա ունեցող հիվանդների մոտ շատ բարձր է սրտային հանկարծամահության ռիսկը, պայմանավորված այսպես կոչված փորոքային տախիառիթմիաներով՝ փորոքային տախիկարդիա, փորքների ֆիբրիլյացիա։ Այս խմբի հիվանդները կարիք ունեն կարդիովերտեր դեֆիբրիլյատորի իմպլանտացիայի՝սարք, որը կարող է ճանաչել առիթմիան եւ էլեկտրաշոկի միջոցով վերականգնել սրտի աշխատանքը։
«Մենք առաջարկեցինք այդ հիվանդին հոսպիտալացնել, եւ կատարել կարդիովերտեր դեֆիբրիլյատորի իմպլանտացիա։ Վիրահատության նախորդ օրը հիվանդի մոտ պալատում գրանցվեց փորոքների ֆիբրիլյացիա (կյանքին անմիջապես վտանգ սպառնացող առիթմիա) եւ ուշագնացություն, կատարվեցինվերակենդանացման միջոցառումներ, վերականգնվեց սրտի աշխատանքը, եւ սա ապացուցեց, որ ուշագնացության խնդիրը հենց փորոքների ֆիբրիլյացիան է, ինչի կապակցությամբ ցուցված էր վիրահատությունը։ «Վիրահատությունը կատարվեց, այժմ մեկ տարի է անցել, հիվանդի ինքնազգացողությունը լավ է, որեւէ կրիտիկական առողջական խնդիր չկա, ժամանակ առ ժամանակ այցելում է կլինիկա սարքի աշխատանքը ստուգելու եւ ընթացիկ դեղորայքի փոփոխությունների համար, ուշագնացության դեպքեր չեն գրանցվել», – պատմել է բժիշկը։







