Վերջին հինգ տարվա ընթացքում ռուսաստանցիները սկսել են մեկ երրորդով ավելի քիչ խմել եւ նույնքան հազվադեպ էլ իրենց թունավորել սպիրտայինով, պատմել է Ռուսաստանի Առողջապահության նախարարության գլխավոր ոչ հաստիքային թմրաբան, Թմրաբանության մոսկովյան գիտագործնական կենտրոնի տնօրեն Եվգենի Բրյունը: Նա այս միտումը կապում է երկրում տնտեսական վիճակի հետ եւ ենթադրում է, որ բնակչության հետագա աղքատացումը մարդկանց կստիպի բաժակը ձեռքն առնել:  

«Այժմ հասուն մարդը տարեկան միջինը 12,8 լ բացարձակ ալկոհոլ է օգտագործում   (էթիլային սպիրտ): Հինգ-վեց տարի առաջ պաշտոնական թիվը  18 լ էր», -պատմել է Բրյունը M24-ին տված հարցազրույցում:

Գլխավոր թմրաբանի կարծիքով, սպառումը նվազել է պետության կողմից ալկոհոլային արտադրանքի շուկայի կարգավորման, տնտեսական ճգնաժամի եւ թմրաբանների աշխատանքի շնորհիվ:    

Եվգենի Բրյունը նաեւ նշել է, որ վերջին երեք տարվա ընթացքում սպիրտով թունավորման քանակը նվազել է մոտավորապես 25-30 տոկոսով: «Վերջին երկու տարում մենք հայտնաբերել ենք, որ նոր տարվա տոներից հետո դիմումների քանակն ավելանում է ոչ թե   15 տոկոսով, ինչպես նախկինում էր, այլ ընդամենը` հինգ: Այսինքն` հետտոնական դիմումների ավելացումը կրճատվել է երեք անգամ», - ասել է նա:

Մասնագետը ենթադրել է, որ ալկոհոլը սկսել են ավելի քիչ չարաշահել տնտեսական ճգնաժամի եւ գիշերային ժամերին սպիրտայինի առեւտրի արգելքի պատճառով:  «Ալկոհոլի եւ թմրանյութերի օգտագործումը միշտ ցուցանիշային բան է, որն արտացոլում է հասարակությունում խորը գործընթացները: Այժմ մարդիկ ավելի քիչ փող ունեն եւ առաջին հակազդեցությունը ալկոհոլի վրա խնայելն է », - ասել է նա:

Միաժամանակ գլխավոր թմրաբանը ենթադրում է, որ եթե ռուսաստանցիների փողն ավելի քչանա, նրանք, ընդհակառակը, ավելի շատ կխմեն: Եվգենի Բրյունը հիշեցրել է, որ Պետդուման արդեն երկու անգամ մերժել է  21 տարեկանից երիտասարդ քաղաքացիներին ալկոհոլ վաճառելու արգելքի մասին օրինագիծը: «Երբ հասարակական կարծիքը հասունանա, կճնշի պատգամավորներին եւ նրանք կընդունեն օրենքը», - ասել է Բրյունը:

Ռուսաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2016-ի I եռամսյակում երկրում  23,9 մլն դեկալիտր ալկոհոլ է վաճառվել, դա 0,7 մլն դեկալիտրով պակաս է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Վաճառքի մոտ  40 տոկոսը բաժին է ընկել օղուն,   38 տոկոսը` գարեջրին: Ալկոհոլով թունավորումից տարվա առաջին երկու ամսում  1,7 հազար մարդ է մահացել: