Նոր հետազոտությունը ցույց տվեց, որ ԱՄՆ-ում մասնագետի հետ հեռուստաբժշկության միջոցով կապ հաստատած գյուղական բժիշկները դեղերի նշանակումների, դրանց դեղաչափերի որոշման ժամանակ սխալվում են 3% դեպքերում, ի տարբերություն 11%-ի, երբ նրանք մասնագետի հետ խորհրդակցում են հեռախոսով, կամ 13% -ի, երբ ընդհանրապես չեն խորհրդակցում:

Սակրամենտոյի Քալիֆորնիայի համալսարանի Դեյվիսի մանկական հոսպիտալի բժիշկ Ջեյմս Մարսինը եւ նրա գործընկերները վերլուծեցին ծանր հիվանդություններ եւ վնասվածքներ ունեցող 234 երեխայի վերաբերող տեղեկությունները, ովքեր 2003-ից  2009 թվականների ընթացքում տեղափոխվել էին  Հյուսիսային Քալիֆորնիայի գյուղական հիվանդանոցներից մեկը: Դրանք շատ փոքր հիվանդանոցներ էին եւ միակն էին շրջակայքում: Գյուղական բժիշկները օգտագործել են հեռուստաբժշկությունը՝ ցանկացած ժամանակ Մարսինի նման մասնագետների հետ խորհրդակցելու համար, հաղորդում է Fox News-ը։

Հեռուստաբժշկությունը օգտագործել էին 73 երեխայի բուժման համար: Մնացած 85 երեխաների դեպքում, բժիշկները հեռախոսով էին խորհրդակցել: Իսկ 76 երեխայից կազմված վերջին խմբի համար, նրանք ընդհանրապես չէին խորհրդակցել:

Առաջին դեպքում բժիշկները երեխաներին նշանակեցին 146 դեղ, որոնցից սխալ էր 5-ը:

Երկրորդ դեպքում նշանակեցին 167 դեղ, որոնցից սխալ էր 18-ը:

Եվ վերջին դեպքում, երբ գյուղի բժիշկները ընդհանրապես չէին խորհրդակցել, նշանակել էին 128 դեղ, որոնցից  16-ը սխալ էր: