Դեղերի տեղական արտադրանքը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի, երկիրը կարող է իրեն պաշտպանված համարել, եթե արտադրում է բնակչության կողմից օգտագործվող դեղերի գոնե 25 տոկոսը: Հայաստանում ներքին արտադրությունն առայժմ ապահովում է դեղերի 14 տոկոսը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության ղեկավար Սամվել Զաքարյանը:
Նրա խոսքով, Հայաստանում այսօրվա դրությամբ 8 տեղական արտադրող կա, ընդ որում նրանցից 6-ն արտադրում են երկրում առավել օգտագործվող դեղերը: Ադրբեջանում, օրինակ, դեղի ոչ մի արտադրող չկա. դեղերի 100 տոկոսը ներմուծվում է:
Հայկական դեղերի որակի մասին խոսելով` Սամվել Զաքարյանը նշել է, որ նրանցում պարունակվում են նույն ազդող նյութերը, ինչ այլ երկրներում արտադրվող անալոգներում. բացի այդ, դրանք հետազոտվում են եւ ենթարկվում նույն փորձաքննություններին, ինչ ներմուծվող դեղերը, այսինքն` դրանք պետք է ոչ պակաս որակյալ եւ անվտանգ լինեն:
«Ես, որպես ԴԱՆՄ-ի ղեկավար եւ Հայաստանի քաղաքացի, ասում եմ, որ կարող եք հանգիստ գնել Հայաստանում արտադրված դեղերը», - ասել է Սամվել Զաքարյանը` հավելելով, որ դեղերի տեղի արտադրողները ապրում եւ աշխատում են այստեղ` Հայաստանում եւ որեւէ խնդրի դեպքում յուրաքանչյուրը կարող է նրանց բողոքել, իսկ անհրաժեշտության դեպքում նայել արտադրության գործընթացին եւ օգտագործվող հումքին:
Որոշ մարդկանց բացասական վերաբերմունքը տեղի դեղամիջոցներին, ԴԱՆՄ-ի ղեկավարի խոսքով, այնքան էլ օբյեկտիվ չէ եւ որպես կանոն, կապված է սեփականին մեր անվստահության եւ ամեն օտարին սիրո հետ:






