2013 թվականին 2012-ի համեմատ Առողջապահության նախարարության Թեժ գիծ ծառայության ստացված հեռախոսազանգերի թիվն ավելացել է մոտ 10 տոկոսով։ Այս մասին հայտնեց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը՝ մարտի 6-ին մամլո ասուլիսի ժամանակ։
Ինչպես նշեց Քրմոյանը, 2012 թվականին ծառայությունը ստացել է 6650 զանգ, 2013-ին՝ 7001 զանգ։ «Մենք դա բացատրում ենք նրանով, որ ծառայության մասին ավելի շատ տեղեկատվություն է տարածվում (...), եւ մարդիկ վստահությամբ են դիմում ծառայությանը», - նշեց ԱՆ աշխատակազմի ղեկավարը։
Թեժ գծի կողմից ստացված զանգերի մոտ 94 տոկոսը տեղեկատվական բնույթ էին կրում, իսկ 6 տոկոսը բողոքներ կամ առաջարկներ էին։ Քրմոյանը նշեց, որ բողոքների եւ բարձրացրած խնդիրների մոտ 90 տոկոսը հենց տեղում լուծում են ստացել։
Ի՞նչ հարցեր էին ամենաշատը հետաքրքրում Երեւանի քաղաքացիներին նախորդ տարվա ընթացքում։ Պարզվեց, որ տեղեկատվական բնույթի զանգերի մեծ մասը վերաբերվում էր քաղաքացիների իրավունքներին։ «Քաղաքացին, դիմելով բժշկական հաստատություն, ցանկանում է տեղեկանալ, թե որ ծառայությունն է իր համար անվճար կամ արտոնյալ պայմաններով, կամ որ դեղերն են անվճար», - ասաց Սուրեն Քրմոյանը։
Հարցերից շատերը, ըստ Քրմոյանի, այն մասին էին, թե տվյալ հիվանդությամբ որ բժշկական հաստատություն է պետք դիմել, կամ ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել արտոնյալ բուժօգնությունից օգտվելու համար։
Շատ էին նաեւ 0-7 տարեկան երեխաների հետ առնչվող հարցերի շուրջ զանգերն ու բողոքները։ Քաղաքացիները հաճախ հարցնում էին, թե ինչ արտոնություններից են օգտվում մինչեւ 7 տարեկան երեխաները, ինչն է նրանց համար անվճար, իսկ ինչը՝ վճարովի։
Թեժ գծի աշխատանքը 2013 թվականի ընթացքում Քրմոյանը բավական արդյունավետ գնահատեց։ «2013 թվականի նվաճումը այն է, որ մենք տեղադրել ենք նաեւ ուղիղ ռադիոկապ Երեւանում գործող հիմնական բժշկական կազմակերպությունների եւ շտապօգնության ծառայության հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում խնդիրները կարողանանք հրատապ լուծել համապատասխան ընդունարանների կամ շտապօգնության հերթապահների միջոցով», - նշեց Քրմոյանը։
ԱՆ աշխատակազմի ղեկավարը նաեւ նշեց, որ Թեժ գիծ ծառայության նպատակն է քաղաքացիների եւ բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունը եւ բուժօգնություն ստանալիս նրանց իրավունքների օպերատիվ վերականգնումը։
Քաղաքացիները կարող են օրվա ցանկացած ժամի դիմել Թեժ գծին առողջապահության ոլորտի հետ առնչվող ցանկացած հարցով։ Թեժ գծի հեռախոսահամարն է 52 88 72, իսկ էլեկտրոնային փոստի հասցեն՝ [email protected]։






