2014 թվականի մարտի մեկից Հայաստանում գործող բուժհաստատությունները պետպատվերի շրջանակներում բուժում ստացող բոլոր հիվանդներին պարտավոր են տրամադրել հատուկ իրազեկման թերթիկներ, որոնցում նշված են հիվանդների բոլոր իրավունքներն ու պարտականությունները։ Այս մասին մարտի 6-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը։

Ինչպես նշեց Քրմոյանը, իրազեկման թերթիկի ձեւն արդեն հաստատված է Առողջապահության նախարարության կողմից։ Թերթիկում գրված է լինելու, թե ինչ իրավունքներ ունի պետպատվերի շրջանակներում բուժում ստացող հիվանդը, ինչն է նրա համար անվճար, իսկ ինչը՝ վճարովի։

«Իրազեկման թերթիկում գրված է, որ Դուք իրավունք ունեք անվճար բուժօգնություն ստանալ, որի մեջ ներառվում են եւ դեղերը, եւ հիվանդասենյակի տրամադրումը, եւ մի շարք այլ բաներ։ Եթե Ձեզ առաջարկում են վճարովի ծառայություններ, իմացեք, որ բուժհաստատությունը պարտավոր է Ձեզ առաջարկել նաեւ նշված ծառայության անվճար տարբերակը», - նշեց Սուրեն Քրմոյանը։

Քրմոյանի կարծիքով, այս նորամուծությունը շատ կարեւոր է եւ կարող է մասամբ լուծել բնակչության շրջանում իրազեկման պակասի խնդիրը։