Քաղցկեղի բուժումը թռիչքային քայլերով է առաջ գնում, ասում է Ռոբերտ Գոլդբերգը Medicine in the Public Interest կենտրոնից:
Այդ ուղղությամբ հերթական քայլը քաղցկեղածին մուտացիաները պարզելն է: Բուժման այս ձեւը կոչվում է մոլեկուլյար ուղղորդված թերապիա, որն արդեն փրկել է քաղցկեղի առավել վտանգավոր տեսակով, այդ թվում՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով տառապող հիվանդների:
«Մենք թեւակոխում ենք մի դարաշրջան, երբ կարեւոր չէ, թե հատկապես որտեղ է ձեւավորվել քաղցկեղային ուռուցքը, այլ կարեւոր է, թե ինչպիսի գենային մուտացիան է այն առաջացրել,- ասում է Գոլդբերգը:- Մի գենետիկական մուտացիան կարող է շատ տարբեր քաղցկեղներ առաջացնել»:
Շուտով «կրծքագեղձի, կոկորդի, թոքերի քացկեղի…» փոխարեն կասեն «որեւէ գենային մուտացիայի քաղցկեղ»:
Չարորակ գոյացությունները, նույնիսկ որոնք նախկինում համարվում էին անբուժելի, (ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, միելոմային հիվանդություն եւ այլն) արդեն ոչ միայն պարզապես վերահսկվում են, այլեւ որոշ դեպքերում բուժվում են, ասում է բժիշկը: Իսկ բուժումը ասպիրինի նման հաբեր ընդունելն է, որոնք շատ ավելի անվնաս են, քան ավանդական քիմիաթերապիան, որն ունի բազմաթիվ կողմնակի ազդեցություններ եւ վնասում է օրգանիզմի առողջ բջիջները:
Վերջնական արդյո՞ւնքը: Մեծանում է կյանքի որակը եւ տեւողությունը...
Մոլեկուլյար ուղղորդված թերապիան արվում է հետեւայլ կերպ. նախ հիվանդից արյուն կամ հյուսվածքի նմուշ են վերցնում՝ տարբեր գենետիկ անոմալիաների հետազոտության համար, որից հետո բժիշկը բուժման համապատասխան ծրագիր է մշակում:
Հիմա հետազոտողներն աշխատում են «մուտացիայի դրայվերները», որոնք պատասխանատու են ուռուցքի տարածման համար, հայտնաբերելու ուղղությամբ:
2012-ին ԱՄՆ-ի սննդամթերքի ու դեղամիջոցների հսկողությամբ զբաղվող վարչությունը (FDA) հաստատել է Erivedge դեղամիջոցը՝ մաշկի մանր բջջային քաղցկեղի բուժման համար: Իսկ ավելի ուշ պարզվել է, որ դեղամիջոցը բուժում է նաեւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի որոշ դեպքեր:
Բավական հաջող Գլիվեկ դեղամիջոցն առաջին անգամ ընդունվել է 2001 թվականին՝ քրոնիկ միելոիդ լեյկոզի (ՔՄԼ) բուժման համար, իսկ ավելի ուշ ընդունվել է ստամոքսի քաղցկեղի մի քանի տեսակի բուժման համար:
Իսկ այս տարվա փետրվարին FDA-ն ընդունեց Pomalyst դեղամիջոցը՝ միելոմային հիվանդության՝ պլազմային բջիջների քաղցկեղի բուժման համար:
«Մինչ օրս միելոմային հիվանդությունն անբուժելի էր համարվում: Իսկ հիմա այն ժամանակին ախտորոշելու դեպքում հիվանդը ոչ միայն ողջ է մնում, այլեւ նորմալ կենսակերպ է վարում»,- ասում է Գոլդբերգը:
Մոտ ապագայում, կանխատեսում է Գոլդբերգը, ոչ մի քիմիա չի լինի: Քաղցկեղով հիվանդները պարզապես կգան իրենց դեղահաբերի հետեւից, դրանք տուն կտանեն, ըստ բժշկի նշանակման կխմեն եւ լիովին կառողջանան:






