Հայաստանի բուժհաստատությունների չվճարված աշխատավարձերի հարցը Առողջապահության նախարարության կողմից լուծված է։ Այս մասին ասաց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը՝ պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցին, թե ինչու «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները արդեն երկու ամիս է աշխատավարձ չեն ստանում։

«Այսօրվա դրությամբ համակարգն ամբողջությամբ իր ֆինանսավորումը ստացել է։ Այս եւ հաջորդ շաբաթվա ընթացքում մենք արդեն տալու ենք մարտ ամսվա ֆինանսավորումը», - ասաց Սուրեն Քրմոյանը։

ԱՆ աշխատակազմի ղեկավարը նաեւ հիշեցրեց, որ հիվանդանոցներում աշխատող բժիշկներն աշխատավարձ են ստանում ոչ միայն պետական միջոցներից, այլեւ բուժհաստատության սեփական միջոցներից, որոնք գոյանում են վճարովի ծառայություններից եւ ապահովագրությունից։

Նշենք, որ, համաձայն մեր տեղեկությունների, «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկներն այս տարվա հունվարից աշխատավարձ չեն ստացել, իսկ վճարովի հիվանդներից իրենց հասանելի տոկոսները չեն ստացել նախորդ տարվա հոկտեմբեր ամսից։

Մեզ չհաջողվեց այս հարցի շուրջ «Արմենիա» բժշկական կենտրոնի ղեկավարության կողմից որեւէ մեկնաբանություն ստանալ։ Ֆինանսական գծով փոխտնօրեն Նորայր Քրմոյանը մեզ ասաց, որ իրավասու չէ նման հարցերի պատասխանել, բայց նաեւ նշեց, որ «նման բան չկա»։