«Երեխաների պաշտպանության օրը մեզ համար շատ կարևոր է, որովհետև մենք երեխայամետ ազգ ենք: Մենք պետք է մանկությունից սկսած ապահովենք երեխաների առողջությունը, ոչ թե այն գնահատենք կորցնելու դեպքում», - ասաց Արմեն Մուրադյանը: Նա նշեց, որ երեխաների առողջության պահպանման պետության կողմից իրականացվող սկրինինգային հինգ ծրագրերն ուղղված են հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը, առկա ցուցանիշների բարելավմանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին նա հայտնեց, որ շատ շուտով արյունաբական խնդիրներ ունեցող երեխաները կկարողանան բուժօգնություն ստանալ ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արդիականացված արյունաբանական կենտրոնում, որտեղ ստեղծվում են նաև ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք ու ցողունային բջիջների լաբորատորիա:

Լրագրողների հետ զրույցում նախարարը կարևորեց երեխաների առողջության պահպանումը ոչ միայն վաղ տարիքից, այլև ներարգանդային շրջանից:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր «Արաբկիր» բժշկական համալիր-երախաների և դեռահասների առողջության ինստիտուտում էր: Տարեկան այս կենտրոնում ամբուլատոր պայմաններում բուժօգնություն է ստանում շուրջ 80 հազար, իսկ հիվանդանոցային` 14 հազար երեխա:

Համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի ուղեկցությամբ Արմեն Մուրադյանն այցելեց մանկական վերակենդանացման, սոմատիկ, կրծքային հասակի երեխաների բաժանմունքներ, ծանոթացավ փոքրիկ հիվանդների բուժման ընթացքին, զրուցեց բժշիկների և ծնողների հետ:

Մասնագետները ներկայացրին բուժման արդյունքները։ Փոքրիկ Սահակը բաժանմունք է ընդունվել շնչական անբավարարությամբ։ Այժմ վիճակը կայուն է, արհեստական շնչառական սարքն անջատվել է, ինքնուրույն է շնչում։ Սակայն երեխան աճի խնդիր ունի, և կլինիկայում ուսումնասիրում են պատճառները։ Այստեղ բուժվող երեխաներ կան Վանաձորից, Մեղրիից և այլ մարզերից։ Կենտրոնում մեծ ուշադրություն է դարձվում երեխաների նորմալ աճի, սննդաբանության շեղումներին։ Անհրաժեշտության դեպքում բժիշկները համագործակցում են Փարիզի «Արման Տրյուսո» հիվանդանոցի մանկական աղեստամոքսաբանության և սննդաբանության կենտրոնի հետ։ Արմեն Մուրադյանն առավել մանրամասն ծանոթացավ վերակենդանացման բաժանմունքում բուժվող 10 երեխայի վիճակով։ Մասնագետների հետ քննարկեց փոքրիկների բուժման մանրամասները։