Նիդերլանդներում դիտարկվում է «խիստ պայմաններում եւ սահմանափակումներում» գիտական հետազոտությունների համար մարդկային սաղմերի աճեցումը: Սաղմերը կհետազոտվեն լաբորատոր պայմաններում, բեղմնավորմանը հաջորդող 14 օրվա ընթացքում: Այդ մասին հայտնել է Նիդերլանդների առողջապահության նախարար Էդիթ Շիպերսը: 

Գիտնականների կարծիքով, սաղմերի հետազոտությունը կօգնի ուսումնասիրել անպտղության, ժառանգական եւ բնածին հիվանդությունների, ինչպես նաեւ արհեստական վերարտադրության խնդիրները: Էդիթ Շիպպերսի խոսքով, այդ ամենը կօգնի քաղցկեղային հիվանդությունների հետեւանքով անպտուղ դարձած մարդկանց երեխա ունենալու հնարավորություն տալ ընդհանուր առմամբ, եւ առողջ երեխաներ` մասնավորապես: 

Նիդերլանդների կառավարությունը պատրաստվում է շտկումներ մտցնել գործող օրենսդրության մեջ, որն այժմ փորձարկումներ է թույլ տալիս միայն այն սաղմերի հետ, որոնք «ավելացել են» ԱՄԲ-ի պրոցեդուրայից հետո: Առողջապահության նախարարության հայտարարության մեջ ասված է, որ գործող օրենքները խոչընդոտներ են ստեղծում այն հետազոտությունների համար, որոնք կարող էին օգնել բուժելու հիվանդությունները ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում, ներառյալ այնպիսի հիվանդություններ, որոնք օրգանիզմի վրա են ազդում բջջային մակարդակում: 

Առողջապահության նախարարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ մարդկային սաղմի ուսումնասիրման սահմանափակումները խիստ կլինեն, այդ թվում` անվիճելիորեն կհետեւեն «14 օրվա կանոնին»:

Սաղմնաբանության մեջ «14 օրվա կանոնը» առաջին անգամ առաջարկվել է 1984 թվականին փիլիսոփա Մերի Վերնոկի կողմից (Mary Warnock) եւ 1990-ին հաստատվել է Մեծ Բրիտանիայի օրենքով: Մինչեւ սաղմի 14 օրական դառնալը չի կարելի ասել, թե նրա ինչ բջիջներ մարդու բջիջներ կդառնան, որոնք` ընկերք, եւ արդյոք այն չի կիսվի: Գիտնականները եւ աստվածաբանները կարծում են, որ 14 օրը որոշակի գիծ է, որն անցնելով` սաղմը կարող է ապագա անհատականություն համարվել, ոչ թե բջիջների հավաքածու: