Սալիցիլային թթուն առանցքային միացություն է ասպիրինի եւ դիֆլունիզալի նման հակաբորբոքային դեղամիջոցներում, այն կանգնեցնում է բորբոքումը եւ նույնիսկ քաղցկեղային ուռուցքների զարգացումը: Իսկ թե ինչ եղանակով է տեղի ունենում դա, պարզել են Գլեդսթոունի ինստիտուտի կենսաքիմիկոսները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են բոլորի համար մատչելի   eLife բժշկական ամսագրում:

Գիտնականները պարզել են, որ սալիցիլային թթուն եւ նրա ածանցյալը` դիֆլունիզալը, ճնշում են երկու սպիտակուց, որոնք վերահսկում են ամբողջ օրգանիզմում գեների ակտիվությունը:   p300 եւ CREB կապող սպիտակուցը  (CBP) էպիգենետիկ կարգավորիչներ են, որոնք պահպանում են այլ սպիտակուցների օպտիմալ քանակը, որոնք բորբոքային ռեակցիաներ են առաջացնում կամ մասնակցում են բջիջների բազմացմանը: Սալիցիլային թթուն, արգելափակելով p300-ը եւ CBP-ը, կանխարգելում է բորբոքման հետեւանքով բջիջների վնասումը: 

Ավելի վաղ հետազոտությունները կապ են հայտնաբերել p300 եւ AML1-ETO սպիտակուցների միջեւ, որը հայտնի է նրանով, որ նպաստում է լեյկոզի զարգացմանը: Գիտնականները ստուգել են, թե արդյոք դիֆլունիզալը կարող է  p300-ին ճնշելու միջոցով կանգնեցնել չարորակ ուռուցքի աճը: Արդյունքները ցույց են տվել, որ սալիցիլային թթվի ածանցյալն իրոք խոչընդոտում է քաղցկեղի զարգացմանը:  

Հետազոտողների խոսքով, իրենք հեմատոլոգիական քաղցկեղով հիվանդների վրա կլինիկական փորձարկումներ են կատարել եւ ցույց են տվել մարդկանց համար դրա անվտանգությունը: Այս պահի դրությամբ գիտնականները ստուգում են միացության արդյունավետությունը լեյկիմիայով հիվանդների բուժման համար թերապեւտիկ այլ մոտեցումների հետ միասին: Սալիցիլային թթուն, կարծում են մասնագետները, կարող է օգնել քաղցկեղի այլ տեսակների, երկրորդ տեսակի դիաբետի, բորբոքային հիվանդությունների, ինչպես նաեւ այնպիսի նյարդադեգեներատիվ հիվանդությունների դեմ պայքարում, ինչպիսին Ալցհայմերի հիվանդությունն է:  

Էպիգենետիկ կարգավորիչները միացություններ են, որոնք վերահսկում են գեների աշխատունակությունը` դրանցում փոփոխություններ չմտցնելով, ընդամենը թույլ տալով կամ խոչընդոտելով, որ այնպիսի ֆերմենտներ, ինչպիսին ՌՆԹ պոլիմերազան է, իրականացնեն տրանսկրիպցիայի գործընթացը: ԴՆԹ-ի հիմքի վրա տրանսկրիպցիայի դեպքում տեղեկատվական ՌՆԹ-ի մոլեկուլներ են սինթեզվում: Վերջինները ի սկզբանե գեներում առկա տեղեկությունները փոխանցում են ռիբոսոմներին, որտեղ տեղի է ունենում սպիտակուցների ձեւավորումը: