Հայկական դպրոցների մեծամասնության ճաշարաններում երեխաների առողջության համար վտանգավոր մթերք են վաճառում: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:
Նորմալ աճի եւ զարգացման համար երեխաներին պետք է վիտամիններով, հանքանյութերով եւ այլ կարեւոր սննդանյութերով հարուստ մթերքներ օգտագործել, սակայն դպրոցական ճաշարաններում այդպիսիք գործնականում չկան: Այսպես, կաթնաշոռի փոխարեն, հայկական դպրոցներում բուլկիներ են վաճառում, խաչապուրի, խմորի մեջ նրբերշիկ, քաղցրեղեն, շաքարի բարձր պարունակությամբ հյութեր եւ նույնիսկ գազավորված ըմպելիքներ եւ սուրճ:
Դիետոլոգը նշել է, որ Հայաստանում նույնիսկ կառավարության որոշում կա, որում հստակ գրված է, թե ինչ սնունդ կարելի է տալ դպրոցականներին, իսկ ինչ` ոչ: Սակայն այդ որոշման գոյության մասին ծնողներից ոչ մեկը չգիտե, իսկ դպրոցներում, նույնսիկ մասնավոր, դրան ուղղակի չեն հետեւում:
Արդյունքում հայ երեխաները դպրոցում այնպիսի մթերքներ են ուտում, որոնք սննդային արժեք չունեն օրգանիզմի համար եւ դատարկ կալորիաներ են պարունակում, որոնց հետեւանքով երեխան գիրանում է: Ավելին, այդ մթերքները նույնիսկ ոչ միշտ են անվտանգ, ոչ միշտ են լավ պահվում եւ կարող են սննդային թունավորումների հանգեցնել: Նրբերշիկ եւ երշիկ, իմիջիայլոց, ընդհանրապես չպետք է լինի դպրոցներում, սակայն դրանք բավականին ազատորեն վաճառում են բուֆետներում:
Երեւում է` այդ խնդրի լուծմանը կարող է օգնել ծնողների գրագիտության բարձրացումը. եթե նրանք հստակորեն իմանան, թե երեխան ինչպես պետք է սնվի, որ մթերքներն են օգտակար նրա համար, իսկ որոնք` վնասակար, նրանք կհետեւեն երեխայի սննդին նաեւ դպրոցում եւ ավելի մեծ ուշադրություն կդարձնեն նրան, թե ինչ է վաճառվում դպրոցական բուֆետներում:






