Դեղորայքի, մասնավորապես Հնդկաստանից ներմուծվող Դիաբետոնի փոխարինող դեղերի որակի հետ կապված Առողջապահության նախարարության Թեժ գիծը մի քանի բողոք է ստացել նախորդ տարվա սկզբում եւ վերջում։ Սակայն ԱՆ պաշտոնյաները դեղի որակի վերաբերյալ ոչ մի կասկած չունեն։ Այս մասին ասաց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը՝ պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին։

«Դեղորայքի որակի հետ կապված մի քանի էպիզոդիկ բողոք ունեցել ենք նախորդ տարվա սկզբին, այնուհետեւ ամբողջ տարվա ընթացքում բողոքներ չեն եղել, հետո տարվա վերջին օրերին եւ այս տարվա սկզբին նորից այդ խնդիրը բարձրացվել է», - ասաց Սուրեն Քրմոյանը։

Ըստ ԱՆ աշխատակազմի ղեկավարի՝ նախարարությունը չի կարող թույլ տալ անորակ դեղ ներկրել, այդ պատճառով Հայաստան ներկրվող դեղերի բոլոր խմբաքանակները պարտադիր հետազոտվում են։

Սակայն հիշեցնենք, որ շաքարախտով տառապող մարդկանցից շատերը դժգոհ են հնդկական դեղերի որակից եւ ասում են, որ այն գրեթե օգուտ չի տալիս։

Քրմոյանը նաեւ նշեց, որ նախարարությունն աշխատում է լուծել նաեւ ինսուլինակախյալ հիվանդներին ինսուլինով ապահովելու հարցը։ «Մենք կնքել

ենք պայմանագիր ինսուլին արտադրողի հետ, եւ մոտակա 5 տարվա ընթացքում որեւէ խնդիր թե մատակարարման ժամկետների, թե դրանց քանակի հետ կապված չենք ունենա», - ասաց Քրմոյանը։

Նա նաեւ նշեց, որ ըստ այդ պայմանագրի, յուրաքանչյուր տարի 10 տոկոսով ավելի շատ ինսուլին է ներկրվելու Հայաստան, որպեսզի բոլոր ինսուլինակախյալ հիվանդները ապահովված լինեն ինսուլինով։