Ամերիկացի գիտնականները կարողացել են ոտքի կանգնեցնել ուղեղի ծանր կաթվածների զոհերի` նրանց հենց ուղեղի մեջ ցողունային բջիջների ներարկումներ անելով: Առանց այդ բուժման, նրանց սպասում էր անդամալուծություն մնացած ամբողջ կյանքի ընթացքում: 

18 հիվանդ իրենց համաձայնությունն են տվել գանգում անցքեր բացելուն եւ իրենց ուղեղի վնասված մասում ցողունային բջիջների ներարկումներ կատարելուն, որն իրականացրել են Սթենֆորդի համալսարանի գիտնականները: Ուղեղի կաթվածի բուժման այդ փորձարարական մեթոդիկան ցնցող արդյունքներ է տվել հիվանդների շարժունակության վերականգնման առումով:  Ավելին, այն ազդել է նրանց վրա, ովքեր ուղեղի կաթված էին տարել փորձարարական բուժումից մի քանի ամիս եւ նույնիսկ մի քանի տարի առաջ:  Ավելի վաղ գիտությունը համոզված էր, որ կաթվածից    6 ամիս անց ուղեղն այլեւս ի վիճակի չէ վերականգնվելու: 

Սակայն նոր թերապիան հասուն մարդկանց ուղեղն արդյունավետորեն վերադարձրել նորածինների վիճակի, որպեսզի այն կարողանա ինքն իրեն վերականգնել: Սթենֆորդի համալսարանի գիտնականները ենթադրում են, որ այդ թերապիան կկարողանա ազդել նաեւ նյարդադեգեներատիվ այլ խանգարումների դեպքում, ինչպիսիք են Ալցհայմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները, ինչպես նաեւ կողային ամիոտրոֆիկ սկլերոզի: 

«Վերականգնումը, որը մենք դիտարկել ենք ուղեղի կաթվածով խրոնիկական հիվանդներից շատերի մոտ, զարմանալի էր,-ասում է Սթենֆորդի նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Գերի Սթեյնբերգը, որը 15 տարի է ծախսել ցողունային բջիջների ուսումնասիրման վրա: Եվ դա բոլորովին էլ այն շարքից չէր, երբ նրանք  «չէին կարողանում մատը շարժել, իսկ այժմ կարողանում են»:

Հաշմանդամի սայլակին գամված հիվանդները ոտքի են կանգնել եւ քայլել են: Տեղաշարժման նրանց  կարողությունը բավականին արդյունավետորեն վերականգնվել է:  Դա լիովին աննախադեպ է: Մեր հետազոտության արդյունքները հերքում են նախորդ կարծիքը, թե հիվանդներն ի վիճակի չեն վերականգնվել ուղեղի կաթվածին հետեւող առաջին  6 ամսից հետո ուղեղում կապերի մահանալու կամ անվերականգնելի վնասի հետեւանքով: Լիովին ակնհայտ է, որ ուղեղում կապերը կարող են վերականգնվել այդ բուժման օգնությամբ եւ մենք դեռ ուսումնասիրում ենք աներեւակայելի հեռանկարները»: