18-ամյա Արամ Սարյանը ծանր հիվանդացել է այս տարվա փետրվարին զինվորական ծառայության ընթացքում եւ հիվանդության հետեւանքով կորցրել է վերջույթների շարժունակությունը: Այժմ Արամը վերականգնողական բուժում է անցնում եւ նորից քայլել է սովորում: Բուժող բժիշկների խոսքով, նա արդեն մեծ հաջողություններ ունի:
Արամը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ մոտ երկուս ու կես ամիս առաջ բավականին երկար եղել է դիրքերում, որտեղ էլ, երեւում է, հիվանդացել է, իր խոսքով` «գրիպով է վարակվել»:

Մարտի սկզբին նրան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց են հասցրել ծայրաստիճան ծանր վիճակում. վիրուսային վարակը վնասել էր նրա նյարդային համակարգը եւ ուժեղ բորբոքում էր առաջացրել, որը տենդով էր ուղեկցվում: Դրա հետեւանքով նրա վերջույթները փայտացել էին, խախտվել էին շնչառական եւ կլլողական գործառույթները: 10 օր բժիշկները նրան արհեստական շնչառության սարքին միացված են պահել, ինչի արդյունքում նրա շնչառությունը եւ կլլողական գործառույթները վերականգնվել են: Նարդաբանների աշխատանքի շնորհիվ վերականգնվել է նրա վերջույթների նվազագույն շարժունակությունը, սակայն լիակատար վերականգնման համար Արամին, մասնագետների խոսքով, երկար ժամանակ պետք կլինի եւ երկարատեւ աշխատանք վերականգնողական կենտրոնում:
Արդեն մոտ մեկ ամիս է` Արամը բուժում է ստանում Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում: Նրա խոսքով, երբ ինքը նոր էր եկել այստեղ, գործնականում չէր կարողանում շարժվել: Այսօր նա արդեն կարողանում է քայլել, ճիշտ է` ոչ առանց հենակների եւ ֆիզիոթերապեւտի օգնության, որոնք թեւի տակից պահում են նրան:

Մասնագետները ենթադրում են, որ մի քանի շաբաթից Արամն ավելի լավ կքայլի եւ կկարողանա դուրս գրվել եւ վերադառնալ տուն: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ֆիզիոթերապեւտ Վահե Հովակիմյանը պատմել է, որ Արամի վիճակն օրեցօր լավանում է, նա ամրանում է, ինքնավստահ է դառնում եւ նրա առաջընթացն ակնհայտ է:
Հիշեցնենք, որ Հայաստանի Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում Արամի մոտ ախտորոշել են սուր բորբոքային դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիա կամ, ինչպես ասում են` Գիյեն Բարեի համախտանիշ:







