Գեր տղամարդիկ ավելի հաճախ են բախվում շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղին, իսկ գոտկատեղի գրկաչափի 10 սմ-ով ավելացումը հանգեցնում է այդ հիվանդության զարգացման ռիսկի 13 տոկոսով ավելացման: Նման եզրակացության են հանգել University of Oxford-ի գիտնականները` վերլուծելով եվրոպական ութ երկրից 140 000 տղամարդու մասին տվյալները: 

14 տարվա ընթացքում, քանի դեռ շարունակվում էր հետազոտությունը շագանակագեղձի քաղցկեղի, մարմնի զանգվածի ինդեքսի եւ այլ պարամետրերի միջեւ կապ հայտնաբերելու նպատակով, քաղցկեղի այդ տեսակն ախտորոշվել է մոտավորապես 7000 մարդու մոտ,  934 դեպքում այն հիվանդների մահվան պատճառ է դարձել: 

Գիտնականները հայտնաբերել են, որ որքան ավելի գեր են եղել տղամարդիկ, այնքան մեծ է եղել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը, ընդ որում գեր տղամարդկանց մոտ ավելի հաճախ զարգանում էր հիվանդության հենց ագրեսիվ, բուժման չենթարկվող ձեւը: Բացի այդ, գեր տղամարդիկ ավելի հաճախ են մահացել շագանակագեղձի քաղցկեղից, քան նրանք, ում քաշը նորմայի մեջ էր:   

Ավրորա Պերես-Կորնագոն ու իր գործընկերները ենթադրում են, որ ճարպային բջիջներում մեծ քանակությամբ հորմոններ են պարունակվում, որոնք ի վիճակի են քաղցկեղի զարգացման պատճառ դառնալ: Սակայն այդ տեսությունը դեռ անհրաժեշտ է ապացուցել: 

Իսկ առայժմ հետազոտողները տղամարդկանց խորհուրդ են տալիս սպորտով զբաղվել եւ իրենց լավ մարզավիճակում պահել, ինչը գուցե օգնի նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: